Եգիպտոսի նոր խորհրդարանի աշխատանքային առաջին օրը պատգամավորների միջեւ կրոնական հողի վրա հակասություն է ծագել: Որոշ պատգամավորներ ինքնագլուխ փոխել են երդման տեքստը, դրանում ներառելով շարիաթի օրենքի մասին արտահայտություն:

508 պատգամավորների երդման արարողության ընթացքում սալաֆիթական կուսակցության պատգամավոր Մամդուհ Իսմայիլը տարիներով մշակված ավանդական տեքստին ինքնակամ ավելացրել է «... եւ ինչը չի հակասում շարիաթին» արտահայտությունը: Նիստը նախագահող աս-Սական առարկել է` պատգամավորին պահանջելով խստորեն հետեւել երդման տեքստին: Հաշվի չառնելով նկատողությունը` պատգամավորը կրկին կարդացել է երդումը` այն ամփոփելով շարիաթի մասին խոսքերով: Նրա օրինակին հետեւել են խորհրդարանի եւս մի քանի պատգամավորներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տասնյակ պատգամավորներ այսօր նիստի էին եկել դեղին շարֆերով «Ոչ ռազմական դատարաններին» գրությամբ` ի նշան ռազմական դատարաններում քաղաքացիական բնակչության նկատմամբ  դատավարություններ անցկացնելու պրակտիկայի դեմ բողոքի: 

Հայտնվում է նաեւ, որ Եգիպտոսի նոր խորհրդարանն սկսել է աշխատել ուժեղացված անվտանգության պայմաններում: Կահիրեի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքի շրջակայքը շրջափակված է ուժային կառույցների կողմից: Այն պաշտպանում են ՆԳՆ-ի աշխատակիցները, ներսում տեղակայված են զինծառայողներ:

Հիշեցնենք, որ 2011 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում իսլամական կուսակցությունները` «Մահմեդական եղբայրներ»  շարժման «Ազատության եւ արդարության» եւ սալաֆիտակյան  «Ան Նուր» կուսակցությունները, որոնք ընտրությունների արդյունքում ստացել էին Ազգային ժողովի տեղերի երկու երրորդը: