Լիբիական իշխանությունները պնդում են, որ Միջազգային քրեական դատարանը բավարարել է իրենց խնդրանքը` Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի դատավարությունը Լիբիայում անցկացնելու վերաբերյալ: Երկրի արդարադատության նախարար Խալիֆ Աշուրը հայտարարել է, թե հունվարի 20-ին լիբիական իշխանությունը դիմել է Հաագայի դատարան եւ դատարանը բավարարել է խնդրանքը:
Միեւնույն ժամանակ ՄՔԴ-ն հերքում է տվյալ տեղեկատվությունը: Դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տվյալ հարցով դեռ որոշում չկա:
Նշենք, որ ավելի վաղ դատարանը պահանջում էր Սեյֆին հանձնել Հաագային, սակայն Լիբիայի իշխանությունները ձգտում են հասնել նրան, որ տապալված բռնապետի որդուն դատեն իրենց երկրում:
Դատարանը նաեւ վերջնագիր է ներկայացրել` պահանջելով տեղեկություններ հայտնել Սեյֆ ալ-Իսլամի առողջական վիճակի եւ իրավաբանական կարգավիճակի մասին:




























