Նեգացիոնիզմը վիրավորանք է մեր կոլեկտիվ հիշողությանը: Այդ մասին այսօր` հունվարի 23-ին, հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ:

«Նրանք, ովքեր մոռանում են անցյալը, կանգնած են այն կրկին վերապրելու վտանգի առջեւ, հասարակությունը պետք է պայքարի ժխտման թույնի դեմ: Ես շատ քննադատություններ եմ լսել օրինագծի դեմ: Վեց երկրներ են ընդունել Ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքը, եւ նույնքան էլ Հոլոքոսթի ժխտումը քրեականացնելու: Ազատությունը պատասխանատվություն է, եւ ազատությունը չի կարող դրսեւորվել վիրավորանքի մեջ, եւ հենց այդ պատճառով էլ օրենքը պետք է»:

Օլլյեի կարծիքով, խոսքը գնում է ոչ թե սրճարաններում ցեղասպանությունը քննարկողների, այլ դա հրապարակայնորեն, մամուլում, հրապարակային հավաքներում ժխտողների մասին:

Խոսելով թուրք-ֆրանսիական հարաբերությունների մասին` նախարարը նշել է, թե ոչ ոք չի կարող արհամարհել Թուրքիային. «Թուրքիան մեծ երկիր է, մենք ցանկանում ենք զարգացնել մեր տնտեսական հարաբերությունները, Թուրքիան ռազմավարական դաշնակից է, եւ օրինագիծն ուղղված չէ նրա դեմ: Ֆրանսիայի կառավարությունը կոչ է անում ընդունել օրինագիծը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը սկսել է Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Ըստ օրակարգի, ընդհանուր քննարկմանը ելույթ են ունենալու առաջին հերթին Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն եւ Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկուցող Ժան Պիեռ-Սյուեռը: Նրանցից հետո ելույթ կունենան 13 սենատոր` Իզաբել Պասկեն, Ժակ Մեզարը, Ռոժե Կարուչին, Էստեր Բենբասսան, Էրվե Մարսելը, Ֆիլիպ Կալտենբախը, Լյուկ Կարվունին, Բրյունո Ժիլը, Ժան-Վենսան Պլասեն, Նատալի Գուլեն, Բեռնար Պիրան, Ժան-Ֆրանսուա Յումբերը եւ Ամբրուազ Դյուպոնը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում:  Նախնական գնահատականներով, օրինագիծը կընդունվի նաեւ Սենատում: