Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի: Այս մասին այսօր` հունվարի 23-ին, լրագրողներին հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է վստահենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ»,-ասել է նա:
Մինյոնի խոսքով, Մինսկի խմբի գործունեությունը, որը մշտապես հավաքվում է Վիեննայում եւ որի համանախագահող կողմերն են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, հավանության է արժանի: «Ես ավելի քան վստահ եմ, որ հակամարտությունը կլուծվի Մինսկի խմբի շրջանակում: Հույս ունեմ, որ ե’ւ հայ ե’ւ ադրբեջանցի բարեկամներն այս նստաշրջանում ավելի առողջ դիրքորոշում կդրսեւորեն, քան` նախկինում: Կարծում եմ, որ եթե կողմերը չփոխեն իրենց նախկինում եղած դիրքորոշումները, մենք ոչնչի չենք հասնի»,-նշել է ԵԽԽՎ նախագահը:
Մինյոնը կարծում է, որ հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է քաղաքական կամք եւ ցանկություն դրսեւորի խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար:



























