Ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրինագիծը կիրառվելու է միայն այն անձանց նկատմամբ, որոնք ծայրահեղորեն ժխտում են Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա օրենքով ճանաչված միակ ցեղասպանությունն է: Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել է Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկուցող Ժան-Պիեռ Սյուերը Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը:
Սյուերի խոսքով, օրինագիծը կարող է հետագայում կիրառվել այն ցեղասպանությունների համար, որ կընդունի խորհրդարանը. «Հարցն այն է, թե օրենքը կարող է սահմանել եւ ինչը չի հակասում Սահմանադրությանը: Ես հասկանում եմ բոլոր քննարկումները, որ ծագել են օրինագծի շուրջ, ես հասկանում եմ հայերի ցավը: Կասկած չկա, որ անցած դարի իրադարձությունները Թուրքիայում ցեղասպանություն էին: Սակայն քննարկումները կապված չեն դրա ցեղասպանություն լինել-չլինելու հետ, այլ ինչ թույլ կտա օրենքը, ինչը` ոչ: Խորհրդարանը դատարան չէ, եւ օրենսդիրները պատմություն չեն կերտում: Ես հարգում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:
Սյուերը հիշեցրել է, որ Սահմանադրության 34 հոդվածը թույլ չի տալիս օրենքներ ընդունել նման պատմական ենթատեքստով, քանի որ դա կարող է վտանգի տակ դնել պատմական հետազոտությունները երկրում` պարտադրելով պաշտոնապես ընդունված կարծիքը. «Օրենքը հակասում է մեր իրավունքի շատ հիմնարար դրույթների, հարվածի տակ է դնում արտահայտվելու ազատությունը: գործող քրեական օրենսգիրքը արդեն բոլոր դրույթները ներառում է ծայրահեղականության դեմ պայքարելու համար»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը սկսել է Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:
Ըստ օրակարգի, ընդհանուր քննարկմանը ելույթ են ունենալու առաջին հերթին Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն եւ Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկուցող Ժան Պիեռ-Սյուեռը: Նրանցից հետո ելույթ կունենան 13 սենատոր` Իզաբել Պասկեն, Ժակ Մեզարը, Ռոժե Կարուչին, Էստեր Բենբասսան, Էրվե Մարսելը, Ֆիլիպ Կալտենբախը, Լյուկ Կարվունին, Բրյունո Ժիլը, Ժան-Վենսան Պլասեն, Նատալի Գուլեն, Բեռնար Պիրան, Ժան-Ֆրանսուա Յումբերը եւ Ամբրուազ Դյուպոնը:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում: Նախնական գնահատականներով, օրինագիծը կընդունվի նաեւ Սենատում:



























