«Տարերային աղետներին դիմակայող ենթակառուցվածքների կոալիցիան» նախաձեռնել է Հնդկաստանը։ Այս մասին սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում՝ համանուն կանոնադրության վավերացման հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
«Տարերային աղետներին դիմակայող ենթակառուցվածքների կոալիցիան» համաշխարհային գործընկերություն է, որն ուղղված է կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի կառավարման նկատմամբ ենթակառուցվածքային համակարգերի դիմացկունության բարձրացմանը։
Ինչպես նշել է փոխնախարարը, դրանում ընդգրկվել են 40 պետություններ, ինչպես նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը, Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը, ԵՄ-ն և այլն։
Հարթակի հիմնական նպատակն է տեխնիկական աջակցությունը, հետազոտությունն ու առկա կարողությունների զարգացումը:
Կոալիցիա ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, որը դրա գործունեության մեկնարկի մասին հայտարարել է 2019 թվականի սեպտեմբերին:
Կոալիցիայի առաքելությունն է ապահովել կայուն զարգացում և աջակցել համաշխարհային տնտեսական աճին՝ առկա ենթակառուցվածքների արդիականացման և կլիմայի փոփոխության և աղետների նկատմամբ դիմացկուն նոր ենթակառուցվածքների կառուցման միջոցով։
Հարթակի մասնակիցների կարծիքով՝ աշխարհի երկրները պետք է մշակեն միասնական ստանդարտներ՝ աղետների հետևանքները որակյալ կերպով վերացնելու համար։ Ֆինանսավորումն իրականացվում է Կոալիցիայի անդամների կամավոր նվիրատվությունների միջոցով։
«Մենք պետք է միանանք այս հարթակին՝ առաջավոր միջազգային փորձը տեղայնացնելու համար։ Համագործակցությունը հիմնականում կիրականացվի երեք ուղղությամբ՝ տեխնիկական աջակցություն, հետազոտություններ և ներուժի զարգացում՝ համատեղ ուսուցման և փոխգործակցության միջոցով», - ասել է Ղազարյանը։





























