Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղապետի թեկնածու Սեդրակ Գեւորգյանը սրտանց ուզում է, որ գյուղապետ դառնա իր մրացկիցը` գործող գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը:
«Ի սրտե ես մաղթում եմ, որ հաղթի իմ մրցակից թեկնածուն, մեր գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը»,-NEWS.am-ի թղթակցին այսպես վստահեցրեց Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի ղեկավարի թեկնածու Սեդրակ Գեւորգյանը, ով գործող գյուղապետ եւ առաջադրված թեկնածու ՀՀԿ-ական Աղվան Մարտիրոսյանի ընկերն է: Նրա խոսքով, իր թեկնածությունն առաջադրել է, քանի որ այդպես է պահանջում օրենսդրությունը: «Օրենքն է ուզում, ովքեր մրցակից չունեն չեն կարող առաջադրվել, ես էլ առաջադրվեցի, որ Աղվանն անցնի»,-ասաց նա:
Շիրակի մարզի Բասեն համայնքում եւս վիճակը նույնն է: Համայնքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից մեկը ՀՀԿ–ն ներկայացնող, գործող համայնքապետ Համլետ Պետրոսյանն է, մյուսը Արշակ Խատրյանը: Վերջինս գյուղապետի տեղակալն է եւ հենց նրա խնդրանքով էլ պայքարի է դուրս եկել իր «շեֆի» դեմ:
«Ուզում եմ անկեղծ լինել: Ես եմ խնդրել, որպեսզի օրենքի կետը պահպանվի: Ես կհաղթեմ, թե ինքը՝ նշանակություն չունի. Ում Աստված կամեցավ»,-ասաց ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը:
Շիրակ գյուղում եւս գործող գյուղապետ Խորեն Հարությունյանն իր համագյուղացուն խնդրել է առաջադրվել, որպեսզի ինքն էլ առաջադրվի: Խորեն Հարությունյանը նոր է համալրել ՀՀԿ-ի շարքերը: «Որ կուսակցական էլ չլինեի, կընտրեր ինձ գյուղը, բայց այսպես ավելի ապահով է»,-անկեղծացավ Շիրակի գյուղապետը:




























