Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննում է այն բողոքները, որոնք որ քաղաքացիների կողմից կան, և ինչքան գիտեմ մի քանի դեպքով արդեն տուգանքները չեղարկվել են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով նրան, որ մարդկանց անհիմն տուգանել են ուղեվարձը չվճարելու համար։
«Եթե ասում ենք, որ 354–ից 5 դեպքում են չեղարկվել որոշումները, նշանակում է որոշակի օբյեկտիվ քննություն է տեղի ունենում»,–ասաց նա։
Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասել էր՝ քաղաքացին տուգանքի մատիրյալ չէ, Գալճյանն ասաց. « Այո, խոսքը մարդկանց անհիմն տուգանելու մասին է։ Կոնտեքստը դա է։ Բոլոր տեսակի իրավախախտումների դեպքում հնարավոր է լինեն տուգանքներ, որոնք սխալմամբ են կիրառվել և դրա համար կա բողոքարկման ինստիտուտ։ Բացառել 0% հասցնել, որ հնարավոր է սխալ տուգանած լինեն, աշխարհում այդպիսի երկիր գոյություն չունի։
Աշխարհում այդ ռիսկը միշտ կա, դրա համար կա վերադասության կարգով բողոքի ինստիտուտ, դրա համար կա դատարան։ Այսինքն, եթե դուք ակնկալում եք, որ պետք է զերծ լինի մեր պետությունը ինչ-որ սխալ տուգանքներից, աշխարհում այդպիսի պետություն եթե գտնեք, ես կասեմ, ուրեմն դուք ճիշտ էիք։ Այդպիսի ակնկալիք ձևավորել, հետո ասել՝ վայ այդպես չի և հիասթափվել, կարծում եմ տեղին չի»։





























