Ես շատ կարծիքներ լսել եմ, որ դպրոցի դասերը 15 րոպե շուտ սկսելու որոշումն օգուտ տվել է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Դիտարկմանը, որ քաղաքապետարանն անընդհատ երթևեկության փոփոխություններ է անում, որը ավելի է ծանրացում երթևեկության վիճակը Երևանում, նա ասաց. «Կարծում եմ, որ ճանապարհային երթեւեկության փոփոխությունները ունեն ինչ-որ մի տրամաբանություն։ Այստեղ առաջնահերթությունը տրվել է հանրային տրանսպորտին, որի մեջ գտնվում են նույնպես քաղաքացիներ, և մենք այդ քաղաքացիների շահերով ենք առաջնորդվում։
Երբ ասում եք՝ քաղաքացիները բողոքում են, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն լինում խցանման մեջ, իրենք գոհ են, բայց իրենց գոհունակության մասին բնականաբար չենք խոսալու։ Եթե այս փողոցի մասին եք խոսում, ավտոբուսը այստեղ ունի առանձնացված գիծ, ես շատ ավելի արագ է տեղաշարժվում, քան մյուս մեքենաները։
Հիմա Սարյան փողոցի հետ կապված, երբ Սարյան փողոցով մեքենաները գնում են դեպի կենտրոն, այդ պահին իրենք խցանման մեջ չեն, այսինքն այդ պահին Սարյանով գնացող քաղաքացիները գոհ են, Մաշտոցով եկող քաղաքացիները մի քիչ դժգոհ են, բայց ասել, որ բոլորը դժգոհ են, ճիշտ չէ։





























