Անքննարկելի է, որ խցանումներ կան Երևան քաղաքում. Խնդիրն այն է, թե ինչ ճանապարհով ենք ուզում լուծել դա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Իմ կարծիքով, այն ծավալի մեքենաները, որ այսօր կան քաղաքում և գնալով աճում է այդ թիվը, և  քաղաքի չափսերը, որ մենք ունենք, դրանք անհամեմատելի են իրար հետ։ Մենք պետք է բոլորով գնանք այն ճանապարհով, որ միգուցե պետք չի մեքենայով երթևեկել, եթե նույնիսկ հանրային տրանսպորտը հարմար չի, աշխարհում կան շատ ժամանակակից այլ մեթոդներ երթևեկելու համար։

Հատկապես փոքր կենտրոնի մասին է խոսքը, տարբեր այլընտրանքային փոխադրամիջոցներ կան, բայց մեր հասարակությունը դեռևս մեքենայում է նախընտրում երթեւեկել։

Ես այսօր եկել եմ մեքենայով, որովհետև նիստի էի և չցանկացա ուշանալ, բայց ես շաբաթվա մեջ մի քանի անգամ ավտոբուս նստում եմ, և այդ մեղադրանքը ինձ չեն կարող ուղղել։ Եկեք սովորենք այլ փոխադրամիջոցներով գոնե փոքր կենտրոնում տեղաշարժվել։ Օրինակ կան ինքնագլորներ, կան սկուտերներ, հեծանիվներ։ Ինչ-որ պահի պետք է հասկանանք, որ մեքենայից պետք է ոչ թե առհասարակ չօգտվենք, այլ սկսենք հնարավորինս քիչ օգտվել»,– ընդգծեց նա։