Նեպալում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր բախումների հետևանքով 34 մարդու մահվան մասին։ Իրավապահ մարմինների թարմացված տվյալների համաձայն՝ զոհվել է 51 մարդ։ Վիրավորվել է ավելի քան 1300 մարդ։

Շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի այլ քաղաքներում անկարգություններ են բռնկվել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո։ Դրանք հանգեցրել են վարչապետ Շարմա Օլիի հրաժարականին։ Բողոքի ցույցերի հիմնական մասնակիցները ուսանողներն ու «Generation-Z» երիտասարդական շարժման ակտիվիստներն էին։ Բողոքի ցույցի մասնակիցները հրկիզել են կառավարական շենքեր, այդ թվում՝ խորհրդարանը, Գերագույն դատարանը, դատախազությունը, ինչպես նաև հարձակվել քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա։ Երկրում հայտարարվել է պարետային ժամ։

Սեպտեմբերի 9-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին, իշխանությունները վերացրել են սոցիալական ցանցերի արգելքը։ Սեպտեմբերի 10-ին երկրի բանակը բանակցություններ է սկսել «Generation-Z» շարժման և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար։