Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում 2011թ. հունվարի 24-ի ահաբեկչությունը հետաքննվում է արդեն մեկ տարի, եւ այս ընթացքում Ռուսաստանի Քննչական հանձնաժողովը դրան հանցակից շուրջ 30 գրոհայինների է հայտնաբերել «Իմարաթ Կավկազ» խմբավորումից: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հաղորդել է, որ «Իմարաթ Կավկազ» հանցավոր խմբավորման 28 անդամներ են ճշտվել, որոնցից չորսը ձերբակալվել են, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հետաքննության տվյալներով` ահաբեկչությունը կազմակերպել է «Իմարաթ Կավկազ» հանցավոր կազմակերպության ղեկավար Դոքու Ումարովը, որի ենթակայության տակ գտնվել են Ասլան Բյուտուկաեւի եւ Սուպյան Աբդուլաեւի ավազակախմբերը, ովքեր Մուհամեդ Եվլոեւին ընտրել եւ նախապատրաստել են ինքնապայթեցման: Հանցավոր համայնքի կազմում ընդհանուր թվով 35 մարդ է եղել: 2011թ. մարտի 28-ին Ինգուշեթիայի տարածքում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում գրոհայինների ճամբարը վերացվել էր, 17ավազակներ տեղում ոչնչացվել էին:
Մոտ ժամանակներս չորս ձերբակալվածներին վերջնական մեղադրանք կներկայացվի, ինչից հետո քրեական գործի նյութերին կծանոթանան 210 տուժածները, այնուհետեւ մեղադրյալներն ու նրանց պաշտպանները:
Միաժամանակ, Ումարովը, Բյուտկաեւը եւ եւս հինգ հանցագործներ հետախուզման մեջ են գտնվում: Նրանց հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական բնույթի ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունների համար, գրում է «Ինտերֆաքսը»
Քննիչները հաշվել են նաեւ «Դոմոդեդովոյի» ահաբեկչության ծախսերը` 500 հազար ռուբլի: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Հետաքննության տվյալներով`ահաբեկիչների համար ամենածախսատարը ավտոմեքենա գնելն է եղել: Այն նախատեսված էր հետախույզներ Ռուստամ Ալտեմիրովի եւ Զաուրբեկ Ամրիեւի տեղափոխման համար: Նույն այդ մեքենայով հանցագործության եւս երկու հանցակիցներ մոսկվայի ավտոկայանում դիմավորել են ահաբեկչության անմիջական կատարող Մուհամեդ Եւլոեւին, որը ժամանել էր Ինգուշեթիայից:
Մայրաքաղաքային մի քանի օդանավակայաններից չարագործներն ընտրել էին «Դոմոդեդովոն», քանի որ այնտեղ, հետախույզների դիտարկմամբ, ոստիկանությունն ավելի անփույթ էր մուտքի դետեկտորների միջով անցնող մարդկանց խուզարկման հարցում:
Ավտոմեքենայից բացի, ահաբեկիչները նաեւ բջջային հեռախոսների եւ Մոսկվայում բնակարան վարձելու ծախսեր են հոգացել:
2011թ. հունվարի 24-ին «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում 21-ամյա Մուհամեդ Եվլոեւը գործողության մեջ է դրել իր գոտուն ամրացված ինքնաշեն պայթուցիկ սարքը: Պայթյունի արդյունքում Ռուսաստանի եւ արտերկրի 37 քաղաքացի զոհվել, 173-ը մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել:




























