Հայաստան է ժամանել Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` «Ռոսսելխոզբանկի» պատվիրակությունը` խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւի գլխավորությամբ:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց ընդունել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պարենային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, եւ այս համատեքստում ընդգծվել է գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման խթանման կարեւորությունը:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում բանկի ներկայացուցչության հիմնմանն առնչվող հարցեր: Դմիտրի Պատրուշեւը նշել է, որ բանկը Ռուսաստանի ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաեւ պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը: Բանկի խորհրդի նախագահի համոզմամբ` այս ուղղությամբ առկա է մեծ փորձ, որի կիրառումը, Հայաստանում մեծապես կնպաստի երկու երկրների միջեւ այս եւ այլ ոլորտներում ֆինանսատնտեսական կապերի ամրապնդմանը:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարեւորել է բանկի ներկայացվածությունը Հայաստանում եւ հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ֆինանսավորման եւ ընդհանուր առմամբ ոլորտում ներդրումների եւ ֆինանսավորման ծավալների մեծացմանը:



























