Զինված բեդվինների խումբը գրավել է Սինայի Aqua Sun հանգստյան համալիրը, պատանդներ վերցրել եւ չորս միլիոն եգիպտական ֆունտ (շուրջ 663 հազ. դոլար) փրկագին է պահանջում:
Նախնական տվյալներով` նրանք պատանդ են վերցրել հանգստյան տան աշխատակիցներին, նրանց թվում զբոսաշրջիկներ չկան: Բայց լրատվամիջոցների տվյալներով` պատանդների թվում օտարերկրացիներ կան: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է:
Եթե զավթիչների պահանջները չկատարվեն, բեդվինները սպառնում են պայթեցնել հանգստյան տունը եւ գողանալ սարքավորումները: Միաժամանակ, փորձագետների կարծիքով, պատանդների կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքը պատահել է դեռեւս հունվարի 22-ին: Զավթիչների վերջնագրի ժամկետը լրացել է հունվարի 24-ի գիշերը: Հյուրանոցի սեփականատերը ոստիկանությանը կոչ է արել գրոհով վերցնել համալիրը: Սակայն եգիպտական անվտանգության ուժերի աշխատակիցները, ովքեր չեն կարողացել կանխել միջադեպը, հայտնում են, որ չեն կարող գործողություններ սկսել` առանց Իսրայելի հետ նախնական համաձայնության գալու:
Բեդվինները հայտարարում են, որ համալիրն իրենց հողատարածքի վրա է կառուցվել, թեպետ ներկա սեփականատերերը այն մեկ տարի առաջ գնել են նրանցից: Մի քանի տասնամյակ ի վեր թերակղզու բնակիչները եգիպտական իշխանություններին ճնշումների մեջ են մեղադրում: Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո բեդվինները իրենց իրավունքների համար զինված պայքար են սկսել, գրում է NEWSru.com-ը:




























