Լեհաստանում Սոպոտ քաղաքի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Lexus մակնիշի ավտոմեքենայի գողության համար, որը պատկանում է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի ընտանիքին։ Այս մասին հայտնում է RMF 24-ը։

Տղամարդը ձերբակալվել է նախորդ օրը՝ Գդանսկի օդանավակայանում, երբ սպասում էր դեպի Բուլղարիա թռիչքին։ Ձերբակալման պահին նա դիմադրություն չի ցուցաբերել։

Քննության ընթացքում նրան ներկայացվել է երկու մեղադրանք՝ գողություն՝ կոտրելու միջոցով, ինչը կարող է հանգեցնել մինչև 10 տարվա ազատազրկման, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման փաստաթղթի յուրացում և համարանիշների կեղծում։ Տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ և չի ընդունել մեղքը։

Չնայած նախկին դատվածություններին՝ նրան չի ներկայացվել մեղադրանք՝ կրկնակի հանցագործության հիմքով։ Դատական մարմինները շարունակում են գործի քննությունը։