Երկուշաբթի ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Թրամփի վարչակազմը և Չինաստանը համաձայնության են եկել ԱՄՆ-ում TikTok-ի ապագա գործունեության վերաբերյալ, հաղորդում է CNN-ը։
Համաձայնագիրն ավարտում է նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում սկսված տարիների աշխատանքը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ շրջանակային համաձայնագիր է կնքվել, և Թրամփն ուրբաթ բանակցություններ կվարի Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ՝ գործարքն ավարտին հասցնելու համար։
Թրամփի վարչակազմը չի անվանել ԱՄՆ-ի կողմից աջակցվող գնորդին, սակայն խումբը, ենթադրաբար, կգլխավորի Oracle-ի տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը, որն անցյալ շաբաթ կարճ ժամանակով դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը։ Հունվարին Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Էլիսոնին՝ հավելվածի ամերիկյան ակտիվները գնելու հարցում։
«Մենք խիստ կենտրոնացած էինք TikTok-ի վրա և համոզվեցինք, որ դա Չինաստանի համար արդար գործարք է և լիովին հարգում է ԱՄՆ ազգային անվտանգությունը, և հենց նման գործարքի էլ հասանք։ Եվ, իհարկե, մենք ուզում ենք համոզվել, որ չինացիները Միացյալ Նահանգներում ունեն արդար, ներդրումային բարենպաստ միջավայր, բայց ԱՄՆ ազգային անվտանգությունը միշտ պետք է լինի առաջին տեղում»,- հայտարարել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։
Թրամփը բազմիցս երկարաձգել է իր սեփական վերջնաժամկետը՝ Չինաստանի հետ համաձայնության գալու համար՝ TikTok-ի ԱՄՆ բիզնեսի առնվազն մի մասը վաճառելու ԱՄՆ-ի կողմից աջակցվող սեփականատիրոջը։
Կոնգրեսի ընդունած և նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրած երկկուսակցական օրինագիծն արգելել էր TikTok-ն ԱՄՆ-ում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Հավելվածը կարող է շարունակել գործել ԱՄՆ-ում միայն այն դեպքում, եթե դրա չինացի սեփականատերը հրաժարվի սոցիալական մեդիա հարթակի ԱՄՆ ակտիվներից։





























