Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև մաքսատուրքերի համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, հաղորդում է Newsis գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահի վարչակազմին։

«Սա առաջին դեպքն է, որ որևէ կոնկրետ երկրի հետ բանակցությունները այդքան երկար ժամանակ կանգ են առել և մենք դժվարություններ ենք ունենում։ Մենք բանակցություններ ենք վարում՝ ազգային շահերը առաջնային պլան մղելով», - ասել է վարչակազմի անանուն պաշտոնյան։

Ինչպես հավելել է հարավկորեացի պաշտոնյան, Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգը «կտրականապես դեմ է, որ ընկերությունները կառավարության պատճառով վնաս կրեն» և «անհնար է համարում այն, որ պետք է զիջել Միացյալ Նահանգներին ամենուր, որտեղ նրանք ցանկանում են»։ Նա ասել է, որ նախագահը հանձնառու է հնարավորինս արագ համաձայնության հասնելուն, բայց չի զիջի հարավկորեական ընկերությունների շահերին՝ պարզապես ժամանակի սղության պատճառով։

Հարավկորեական ապրանքները ենթակա են 25% մաքսատուրքի, գրում է Yonhap-ը: Հուլիսի վերջին Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որի արդյունքում Վաշինգտոնը համաձայնել է հարավկորեական ապրանքների վրա 15% մաքսատուրք սահմանել: Դրա դիմաց Կորեայի Հանրապետությունը խոստացել է 350 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսությունում, ինչպես նաև 100 միլիարդ դոլարի էներգետիկ ռեսուրսներ գնել:

Իր հերթին Yonhap գործակալությունը նշում է, որ հայտնի չէ, թե երբ այդ պայմանավորվածությունները կմտնեն ուժի մեջ՝ համաձայնագրի մանրամասների շուրջ բանակցությունների պատճառով։ Կողմերը պետք է համաձայնեցնեն ներդրումային հիմնադրամի կառուցվածքը, պլաններն ու դրանից ստացված եկամուտների բաշխումը։