Օքսֆորդի համալսարանի հոգեթերապևտ Էլոիզ Սքինները մինչև երեք տարի տարիքային տարբերությունը բնութագրել է որպես ամենաբարենպաստը երկարատև և ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար: Նա իր հայտնագործության մասին պատմել է Metro-ին տված հարցազրույցում:

Ըստ մասնագետի՝ փոքր տարիքային տարբերություն ունեցող զուգընկերներն ավելի հակված են կիսելու ֆինանսական տեսակետները՝ ծախսերից և խնայողություններից մինչև ներդրումային մոտեցումներ, և միաժամանակ ունեն նմանատիպ առողջական վիճակ: Ավելին, նման զույգերն ավելի հակված են ընդհանուր լեզու գտնել իրենց կենսակերպի բազմաթիվ ասպեկտներում, մասնավորապես՝ հանգստյան օրերի կազմակերպման, երեխաների խնամքի համատեղ դերաբաշխման և նույնիսկ ճանապարհորդության ուղղությունների ընտրության հարցերում:

Սքինները միաժամանակ  վկայակոչում է հետազոտությունների արդյունքներն, ըստ որոնց՝ հարաբերություններից գոհունակությունը նվազում է զուգընկերների միջև տարիքային տարբերության մեծացմանը զուգընթաց: Դա հատկապես վերաբերում է որդեծնությանը. տարիքային զգալի տարբերությունը կարող է հանգեցնել բեղմնավորման դժվարությունների, ծնողական դաստիարակության ոճերի տարբերությունների և նույնիսկ երեխայի ծնողներից մեկի վաղաժամ կորստի ռիսկի:

Բացի դրանից, մեծ տարիքային տարբերություն ունեցող զույգերն ավելի հաճախ են բախվում ֆինանսական և սոցիալական դժվարությունների: Մասնավորապես, խնդիրներ կարող են առաջանալ, երբ զուգընկերներից մեկը շատ ավելի վաղ է թոշակի անցնում, կամ եթե նրանց միջև կա եկամտի, կարգավիճակի կամ կարիերայի նվաճումների անհամապատասխանություն: Դա, ըստ Սքինների, կարող է ազդել  «իշխանության դինամիկայում» հարաբերությունների վրա: