Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի գիտնականները և նրանց գործընկերները Լևանտի և Հյուսիսային Միջագետքի գյուղատնտեսական պրակտիկայի լայնածավալ հետազոտություն են անցկացրել՝ վաղ բրոնզի դարից մինչև երկաթի դար՝ հասկանալու համար, թե ինչպես է գյուղատնտեսությունը, մասնավորապես խաղողի և ձիթապտղի մշակումը, փոխվել կլիմայի և մշակութային կարիքների ազդեցության տակ։

Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PLOS One հանդեսում։

Նրանք վերլուծել են ավելի քան 1500 սերմերի և փայտի նմուշներ՝ չափելով կայուն ածխածնի իզոտոպներ՝ աճի ընթացքում բույսերի խոնավության մատակարարման պայմանները գնահատելու համար։

Արդյունքները ցույց են տվել, որ վաղ բրոնզի դարաշրջանում ջրային պակասից  ի հայտ եկող սթրեսը համապատասխանում էր խոնավության սեզոնային տատանումներին։ Սակայն, միջին բրոնզի դարաշրջանից սկսած, ջրային սթրեսի ավելի մեծ փոփոխականություն է նկատվում. բույսերը ավելի հաճախ են ենթարկվել ջրային սթրեսի և աճեցվել են նույնիսկ ավելի քիչ բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող տարածքներում։ Դա վկայում է, որ մարդիկ սկսել են ակտիվորեն օգտագործել ոռոգումը և գյուղատնտեսությունը հարմարեցնել ավելի կոշտ պայմաններին։

Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ խաղողի և գինու արտադրությունը սկսել է գերակշռել ձիթապտղի նկատմամբ։ Խաղող աճեցվել է նույնիսկ ավելի քիչ բարենպաստ կլիմայական պայմաններում գտնվող տարածքներում, և զգալի ջանքեր են գործադրվել դրանցում բավարար ջուր ապահովելու համար: Դա ցույց է տալիս, որ գինու մշակույթն զգալի մշակութային և տնտեսական նշանակություն ուներ։

Հետազոտության հեղինակներն  ընդգծում են, որ հին գյուղացիները գիտակցված որոշումներ էին ըն դուննում այն ​​մասին, թե որ մշակաբույսերը տնկել, որտեղ և երբ ոռոգել՝ հաշվի առնելով բերքի անհաջողության ռիսկը և ծախսերը: Սա ցույց է տալիս, որ կայունության, ռեսուրսների բաշխման և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության հարցերը մարդկանց մտահոգել են դեռևս մ.թ.ա. 4000 թվականից: