Չինաստանի Նինբո նավահանգիստը բեռնանավ է պատրաստում, որը փորձարկելու է Հյուսիսային ծովային ճանապարհով նոր տրանսպորտային երթուղին։ Այս մասին գրում է Politico պարբերականը։
Նավի մեկնումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին։ Եվ թեև չինական ընկերություններն ավելի վաղ արդեն փորձնական բեռնափոխադրումներ էին իրականացրել Հյուսիսային ծովային ճանապարհով, առաջիկա երթուղին ավելի բարդ է լինելու։ «Նրանք արդեն իրականացրել են բեռնափոխադրումներ կետից կետ, օրինակ, չինական նավահանգստից՝ Համբուրգ կամ Սանկտ Պետերբուրգ։ Այս ճանապարհորդությունը տարբերվում է։ Նավը կմտնի Չինաստանի չորս նավահանգիստներ, ապա կանցնի Արկտիկայով և կայցելի Մեծ Բրիտանիա, Ռոտերդամ, Համբուրգ և Գդանսկ։ Սա իսկապես ավելի շատ նման է սովորական ծովային բեռնափոխադրումների երթուղու», - պարբերականին ասել է ամերիկյան Արկտիկական ինստիտուտի հիմնադիր Մալտե Համպերտը։
Նա նշել է, որ ընդամենը հինգից տասը տարի առաջ բոլորը կարծում էին, որ Հյուսիսային ծովային ճանապարհով նավագնացությունը քիչ հավանական կլինի մինչև 2040-2050 թվականները: «Հիմա 2025 թվականն է և չինացիներն արդեն զբաղվում են դրանով: Արդյո՞ք դա շահավետ է նրանց համար: Դա իրականում կարևոր չէ. խոսքը գիտելիքների կուտակման և դա անելու եղանակը հասկանալու մասին է: Ահա թե ինչ են անում չինացիները՝ կուտակում են փորձ և մարզում անձնակազմին», - ասել է փորձագետը:
Համպերտը բացատրել է, որ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացումը հնարավոր է դարձել կլիմայի փոփոխության շնորհիվ, քանի որ այդ փոփոխությունները Արկտիկական շրջանում ավելի արագ են տեղի ունենում, քան մոլորակի մյուս մասերում: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ համաշխարհային առևտրի մեծ մասը կշարունակի ընթանալ ավանդական ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով:
«Եթե 30-40 տարի առաջ անցնենք, երբ սառցե շերտը ևս 30-50%-ով նվազի, ապա ձեր մոտ կլինի կես տարի առանց սառույցի [Հյուսիսային ծովային ուղու ջրատարածքում], այդ ժամանակ Արկտիկան կդառնա շատ գրավիչ տարբերակ։ Արկտիկան մոտ ապագայում չի փոխարինի Սուեզի ջրանցքը։ Խոսքը դրա մասին չէ։ Եվ Սուեզի ջրանցքը և Պանամայի ջրանցքը ոչ մի տեղ չեն անհետանա։ Բայց Արկտիկան կլինի լրացուցիչ երթուղի»,- եզրափակել է փորձագետը։





























