Երևանի ներկայիս գործողությունները չեն հակասում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առջև ստանձնած պարտավորություններին, TASS-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Նա նշել է, որ մինչ այժմ Եվրամիությանը միանալու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունները միայն «քաղաքական հայտարարություններ» են։

«Ընդ որում, բազմիցս ընդգծվել է, այդ թվում [ՌԴ փոխվարչապետ] Ալեքսեյ Լոգվինովիչ Օվերչուկի կողմից, որ երկու միությունների անդամ միաժամանակ լինելն անհնար է՝ դրանց էության բերումով»,- նշել է Աղասանդյանը։ «Այժմ Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ում իր պարտավորություններին։ Գործնական քայլերից ելնելով՝ առաջ կշարժվենք։ Ոչ ոք Հայաստանին չի արգելում համագործակցել այլ երկրների հետ. դա անում են ԵԱՏՄ բոլոր անդամները։ Գլխավորն այն է, որ նման փոխգործակցությունը չհակասի Միության շրջանակում ստանձնած պարտավորություններին։ Դա դեռ չկա»։

Դիվանագետի խոսքով՝ միությունում Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական, երկիրը «ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ-ում և տեսնում է դրանում իր մասնակցության օգուտները»։ «Այո, ապրանքաշրջանառությունը նվազել է, բայց դա անկայուն իրավիճակ է»,- ուշադրություն է հրավիրել Աղասանդյանը։ «Ավելի վաղ աճ կար, հիմա ամեն ինչ վերադառնում է ավելի սովորական հունի։ Եթե նայենք անցած տարիների դինամիկային, ապա 2015 թվականին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո նրա առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է»։

Մեկնաբանելով ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության ակնկալվող փոփոխությունները՝ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ վիճակագրությունը «ընդհանուր առմամբ դրական դինամիկա է ցույց տալիս», քանի որ Եվրասիական տնտեսական միության գործընկերները «գերիշխող դիրքեր են գրավում» փոխադարձ ապրանքաշրջանառության մեջ։

«Իհարկե, կան գործոններ, որոնք ազդում են ինչպես ավելացման, այնպես էլ նվազեցման ուղղությամբ։ Բայց ընդհանուր առմամբ դինամիկան դրական է, համագործակցությունը փոխշահավետ բնույթ ունի բոլոր անդամ պետությունների համար»,- ընդգծել է Աղասանդյանը։