Այս տարվա 9 ամիսներին անչափահասների կողմից կատարված 383 հանցագործության դեպք է գրանցվել։ Այս մասին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը՝ ավելացնելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ 18 դեպքով ավելի է։ Հանցագործություն կատարած անչափահասների տարիքային խոuմբը 14-17 տարեկաներն է կազմում։ 14-15 տարեկան անչափահասները 96 հանցագործություն են կատարել, 276 հանցագործություն կատարել են 16-17 տարեկան անչափահասները։ Հանցագործներից 23-ը իգական սեռի ներկայացուցիչներ են եղել։

Ըստ նրա՝ անչափահասներից միայն 26-ն է սովորող եղել, 346-ն այլ զբաղմունք են ունեցել։

Այս տարի աճել է կրկնահանցագործ անչափահասների թիվը։ Նախորդ տարվա 9 դեպքի փոխարեն, այս տարի դրանք 16-ն են։ Հ. Թամամյանի խոսքով հանցագործ անչափահասները զբաղվել են հիմնականում գողությամբ եւ կողոպուտով։ «Հիմնականում աճ է արձանագրվել մարմնական վնասվածքների եւ կողոպուտի դեպքերով, այս տարի նվազել է ավազակության դեպքերը»,- նկատեց՝ Թամամյանը։ Ըստ նրա՝ մտահոգիչ է այն, որ չափահասներն են անչափահասներին ներգրավվում հանցագործությունների մեջ։ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի խոսքով՝ այս տարի անչափահասների կողմից կատարված նոր դեպք է գրանցվել դրամանենգության տեսքով, նման 8 դեպք է արձանագրվել։ «Դրանցից մեկում 4 անչափահասներ իրացրել են կողծ թղթադրամներ, իսկ հանցագործության մեջ նրանց չափահաս է ներգրավել»,- ասաց Թամամյանը։

Խոսելով Հայաստանում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների մասին՝ նա նշեց, որ գրանցվել է 155 հանցագործություն։ Գրանցվել է սպանության 4 եւ անչափահասին ինքնասպանության հասցնելու 3 դեպք: Մի դեպքով մայրը սպանել է նորածինին, իսկ մեկ դեպքում երեխային սպանել են շահադիտական նպատակով։ Անչափահասների 3 բռնաբարության եւ 4 դեպք սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դեպքեր են գրանցվել։ 50 դեպք էլ դիտավորությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքեր։ Հ. Թամամյանի նշեց, որ ոստիկանության հիմնական գերխնդիրն է անչափահասներին զերծ պահել հակահասրակական արարքներից եւ կանխել նրանց դեմ կատարվող հանցավոր ոտնձգությունները, իսկ որ նրանք հանցագործություն են կատարում մեղավոր են սոցիալ-տնտեսական փոփոխությունները, ԶԼՄ-ները, եւ հասրակակության անտարբերությունը։