Հյուսիսային Կարոլինայի Հայ Փոյնթ համալսարանի հետազոտողները կարծում են, որ կատուները սիրում են ուտել որոշակի տեսակի խոտ կամ սենյակային բույսեր՝ մազագնդիկներից ազատվելուն նպաստելու համար, հայտնում է Discovery Magazine-ը։

Focus-ը հաղորդում է, որ կատվի մազագնդիկները ուսումնասիրող հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ խոտի շեղբերը կարող են խճճվել մազերի հետ և արտազատվել դրանց հետ միասին: Մասնագետները նշում են, որ ամբողջ գործընթացը շատ նման է կոյուղու մաքրմանը:

Այս հայտնագործությունը ենթադրում է, որ կատուները կարող են միջավայրն օգտագործել որպես գործիք՝ խնամվածության կողմնակի ազդեցությունների դեմ պայքարելու համար։

Մինչև վերջերս կարծում էին, որ կատուները խոտ և այլ բույսեր ուտում են՝ մակաբույծներից (օրինակ՝ ճիճուներից) ազատվելու համար։ Այս մտքի մեջ որոշակի տրամաբանություն կար. օրինակ՝ նման բան անում են գայլերը, ցիվետները, ինչպես նաև շիմպանզեները և բոնոբոները։ Նրանց կողմից կերած խոտը օգնում է կենդանիներին կղանքի հետ միասին մակաբույծներին դուրս բերել օրգանիզմից։

Գիտնականները հետաքրքրվում էին, թե արդյոք խոտի շեղբերի կոպիտ մակերեսը կարող է օգնել կատուներին փսխել մազագնդիկները: Այս հարցին պատասխանելու համար թիմը անցկացրեց իրական մազագնդիկների ներսում գտնվող բուսական նյութի մանրադիտակային հետազոտություն:

Հետազոտության համար ընտրվել են մազափնջերի վեց նմուշներ, որոնք բաժանվեկ են մասերի և պատվել ոսկով՝ էլեկտրահաղորդականություն ապահովելու համար։ Այնուհետև դրանք ուսումնասիրվել են սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի (ՍԷՄ) տակ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ բույսերի ատամնավոր եզրերը և դրանց տերևների վրայի ելուստները ցցված էին բոլոր ուղղություններով՝ ինչպես մանրադիտակային ատամիկներ։ Այդ կառուցվածքներն ունեին իդեալական չափ՝ կատվի մազերը բռնելու համար։ Դրանք նման էին ցելյուլոզային թելերի, որոնք արդեն ավելացնում են կատուների որոշ կերերի մեջ՝ մազերը դուրս բերելու ազդեցություն ապահովելու համար։

Միևնույն ժամանակ, փորձը ցույց է տվել, որ կատուների պարագայում խոտը ոչ մի կերպ չի օգնում մակաբույծները օրգանիզմից դուրս բերելուն։ Կլոր և ժապավենաձև ճիճուները 60 անգամ ավելի մեծ են, քան բուսական այդ կառուցվածքները, որպեսզի դրանց հնարավոր լինի որսալ նույն կերպ։

Գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանիներին առավել շատ գրավել են այգու խոտաբույսերը և ցրտադիմացկուն սենյակային բույսերը, ինչպիսին է տրադեսկանցիան։ Ընդհանուր առմամբ, այս բոլոր բույսերը մեկ ընդհանուր հատկանիշ են ունեցել՝ դրանք մանրադիտակային մակարդակով կոշտ մակերես են ունեցել։