Հայտարարությունները, ըստ որոնց ԱՄՆ-ի դերը միջազգային ասպարեզում նվազել է, հիմնավորված չեն: Կոնգրեսին ուղղված ամենամյա իր ելույթում նման դիրքորոշմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբաման համոզմունք է հայտնել, որ ամերիկյան գերակայության վերածնունդն զգացվում է ամբողջ աշխարհում:
«Եվրոպայում եւ Ասիայում մեր հնագույն դաշինքները երբեւէ ավելի ամուր չեն եղել: Մենք հստակ հասկացրել ենք, որ Ամերիկան խաղաղօվկիանոսյան գերտերություն է: Հակառակը պնդողները, որոնք հայտարարում են, որ Ամերիկան անկում է ապրում, որ մեր ազդեցությունը նվազում է, չեն հասկանում, թե ինչ են ասում»,- հայտարարել է նա:
Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին` նախագահը խոստացել է, որ երկիրն այսուհետ եւս կօժանդակի Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում ժողովրդավարական պետությունների կառուցմանը: Սակայն նախորդ տարվա հեղափոխությունների ելքը Օբաման առայսօր անկանխատեսելի է համարում:
«Անորոշ է, թե ինչով կավարտվեն արաբական աշխարհի անհավանական փոփոխությունները: ԱՄՆ-ն այդ գործընթացում մեծ խաղադրույքներ ունի, եւ մենք պետք է հասնենք այն արժեքների հաստատմանը, որոնք առավել լավ կծառայեն մեր երկրին: Մենք կդիմակայենք բռնությանն ու սպառնալիքներին, կպաշտպանենք բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը: Այնպիսի քաղաքականություն կվարենք, որը կհանգեցնի ամուր եւ կայուն ժողովրդավարության եւ բաց շուկաների առաջացմանը», - ասել է նա, գրում է «Վզգլյադ» թերթը:




























