Վաշինգթոնը ցանկանում է տեսնել ֆրանս-թուրքական լավ հարաբերություններ: Այդ մասին հունվարի 24-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

«Մեր դիրքորոշումն այդ հարցում հայտնի է, դրանք անփոփոխ են մնում: Մենք կիսել ենք մեր մոտեցումը նաեւ Ֆրանսիայի կառավարության հետ: Անկեղծ ասած, դա այն հարցն է, որ Ֆրանսիան եւ Թուրքիան պետք է իրենք լուծեն: Վաշինգթոնը ցանկանում է տեսնել ֆրանս-թուրքական լավ հարաբերություններ: Երկու երկրներն էլ ԱՄՆ-ի դաշնակիցներն են»,-ասել է Նուլանդը: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը մոտ ութ ժամ տեւած քննարկումներից հետո 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր օրինագիծը: Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր:

Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն: Նրա ներկայացրած օրինագիծը պաշտպանել էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը: Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը: Թուրքիան մինչեւ օրինագծի քննարկումը բազմաթիվ սպառնալիքներ էր տեղացել Ֆրանսիայի հասցեին, իսկ Ֆրանսիայում ապրող թուրքերի հիմնական թիրախը դարձել էր օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, ում սպառնացել էին սպանել: