Ռուսաստանը եւ Թուրքիան դեմ են Սիրիայում ճգնաժամը կայունացնելու համար արտաքին ուժային միջամտությանը: Այս մասին հունվարի 25-ին Մոսկվայում իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Սիրիային, մենք սկզբունքային մոտեցումներ ունենք, որոնք մեծամասամբ համընկնում են: Մենք, բնականաբար, կողմ ենք բռնության դադարեցմանը, որտեղից էլ այն լինի, նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Արաբական պետությունների լիգան: Մենք, բնականաբար, կողմ ենք սիրիական իրավիճակի քաղաքական կայունացման խաղաղ լուծմանը, եւ նրան, որ արտաքին խաղացողները հենց դրան նպաստեին», - ասել է նա` նշելով, որ Ռուսաստանը եւ Թուրքիան դեմ են արտաքին որեւէ միջամտությանը:
Լավրովը տեղեկացրել է, որ «այդ հիմնական սկզբունքների շրջանակներում մենք այսօր շատ մանրամասն քննարկել ենք տարբեր տեսակետներ այն մասին, թե ինչպես կարելի են դրանք իրականացնել գործնականում»:
«Հեշտ որոշումներ առայժմ չեն նշմարվում, բայց մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ գործը եւ այլ երկրների հետ կապերը, որոնք ձգտում են իրավիճակի խաղաղ կարգավորմանը: Եվ, իհարկե, կաշխատենք սիրիական բոլոր կողմերի հետ»,- ասել է Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























