Հայաստանում գործող վաղաժամ-պայմանական ազատման մեխանիզմը վերանայման կարիք ունի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Օտարերկրյա մոդելներից մենք ընտրել են ամենախիստը, որի դեպքում մարդ պետք է պատիժ կրի, անգամ եթե տվյալ պահին վտանգավոր չէ հանրության համար: Մյուս կողմից առավելագույն ջանքեր են պետք, որ դատապարտյալն ազատվելուց հետո կարողանա ինտեգրվել հասարակությանը: Մեզ համար, եւ անձամբ ինձ համար, նրանք երկրորդ սորտի մարդիկ չեն, այլ մեր հայրենակիցները»,- հավելել է նախարարը:

Նրա խոսքով, վերանայման կարիք ունի նաեւ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը: «Դեպքեր են եղել, որ անձը հիվանդության պատճառով ազատվել է ազատազրկումից, սակայն մի քանի տարի անց հանցագործություն է կատարել: Բնականաբար նման իրավիճակը պայմանավորված է քրեակատարողական համակարգում տեղի ունեցած չարաշահումներով»,- հավելել է նախարարը:

Նրա խոսքով, արդյունավետ կարող է լինել նաեւ ազատության մասնակի սահմանափակումը` փորձաշրջանի կամ ուղղիչ աշխատանքների տեսքով: