Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արմատական պաղեստինյան Համասի շարժումը որպես ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչում։ Նա այս հայտարարությունն արել է ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես Համասն ահաբեկչական կազմակերպություն չեմ համարում։ Ընդհակառակը, ես այն համարում եմ դիմադրության շարժում», - ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Համասի ռազմական կարողությունները բավարար են միայն Իսրայելի հարձակումներից պաշտպանվելու համար։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ արմատական պաղեստինյան Համասի զինված կողմնակիցները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ներխուժեցին Իսրայելի տարածք, սպանեցին սահմանամերձ համայնքների բնակիչներին և ավելի քան 250 պատանդ վերցրին։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց անկլավում՝ Համասի ռազմական և քաղաքական կառույցները ոչնչացնելու և բոլոր առևանգվածներին ազատ արձակելու նպատակով։





























