Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 25-ին, ընդունել է «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հնարավորությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, նախագահի խոսքով, «Ռոսսելխոզբանկ»-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաեւ հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերություններում:

Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Իբրեւ առաջին քայլ, Դմիտրի Պատրուշեւի հավաստմամբ, նախատեսվում է Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչության հիմնում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել «Ռոսսելխոզբանկ»-ին՝ ծրագրերի իրականացման գործում: