«Կլեոպատրայի վերջին գաղտնիքը» նոր վավերագրական ֆիլմը վերակենդանացրել է բանավեճը հայտնի եգիպտական ​​թագուհու դամբարանի հնարավոր գտնվելու վայրի վերաբերյալ, գրում է Live Science-ը։

Ուշադրության կենտրոնում են հայտնվել Ալեքսանդրիայի մոտակայքի Տապոսիրիս Մագնա տաճարի պեղումները։ Այստեղ հնագետները հայտնաբերել են Կլեոպատրա VII-ին պատկերող հարյուրավոր բրոնզե մետաղադրամներ և հինավուրց նավահանգստի մնացորդներ, որոնք այժմ մասամբ ջրի տակ են։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս գտածոները կարող են մեզ ավելի մոտեցնել Եգիպտոսի ամենագլխավոր հնագիտական ​​​​առեղծվածներից մեկի  բացահայտմանը։

Պեղումները ղեկավարում է հնագետ Քեթլին Մարտինեսը։ Նա համոզված է, որ աստվածուհի Իսիդին նվիրված այս տաճարային համալիրը կարող է Պտղոմեոսների հարստության վերջին թագուհու թաղման վայրը լինել։

Տարածքի տարբեր մասերում հայտնաբերվել են նրա դիմանկարով հարյուրավոր մետաղադրամներ՝ ավելի քան 200-ը տաճարի բակում, ավելի քան 300-ը՝ մուտքի մոտ, և մի քանի հարյուրը՝ հատուկ ծիսական առուներում։ Ըստ Մարտինեսի՝ նման կուտակումները վկայում են տեղանքի պաշտամունքային բնույթի և Կլեոպատրային դրա առնչության մասին։

Նույնքան տպավորիչ գտածո էր հինավուրց նավահանգիստը, որը մի ժամանակ տաճարը կապում էր ծովի հետ։ Տարածքում հայտնաբերվել են կերամիկական անոթներ, քարե և մետաղական խարիսխներ, որոնք վկայում են զարգացած ծովային կյանքի մասին։ Այսօր նավահանգիստը մասամբ ջրի տակ է, և հնագետները ենթադրում են, որ այստեղ կարող էին գոյություն ունենալ գաղտնի անցումներ կամ նույնիսկ թաղմանն առնչվող ստորգետնյա խցիկներ։

Ընդսմին թերահավատները հիշեցնում են, որ անտիկ աշխարհի ժամանակներից ոչ մի գրավոր աղբյուր չի պնդում, որ Կլեոպատրան թաղված է եղել Տապոսիրիս Մագնայում։ Ըստ դասական վարկածների՝ նա, հնարավոր է, թաղված լինի Ալեքսանդրիայում՝ Մարկոս ​​Անտոնիոսի կողքին, հնարավոր է՝ քաղաքի այն հատվածում, որը վաղուց ջրի տակ է անցել։ Մետաղադրամներն ու գտածոները, չնայած անգնահատելի են դարաշրջանը հասկանալու համար, ինքնին վերջնական պատասխան չեն տալիս։

Այնուամենայնիվ, Մարտինեսի վարկածի կողմնակիցների համար այս արտեֆակտները լուրջ ապացույց են։ Այն փաստը, որ տաճարը նվիրված էր աստվածուհի Իսիդին, էական դեր է խաղում. Կլեոպատրան սիրում էր կապվել այդ աստվածուհու հետ և, հնարավոր է, ցանկացել է թաղվել  հենց նման վայրում։

Այսօր որոնումները շարունակվում են։ Տեսախցիկներն ու մասնագիտացված տեխնոլոգիաները հնարչավորություն են տալիս ուսումնասիրելու ստորգետնյա թունելներն ու ջրհեղեղված տարածքները։ Հնարավոր է՝ դրանք կբացեն ավելի քան երկու հազար տարի չլուծված առեղծվածի դուռը։