«Դաթան Բույեչեն» (Թան դինաստիայի գիշերային քաղաք) հետիոտնային փողոցը գտնվում է Վայրի սագի մեծ պագոդայի ստորոտում, Սիան քաղաքի Քույցզյան շրջանի մշակութային ցուցադրական գոտու կենտրոնական մասում։ Շինարարությունը սկսվել է 2002 թվականին, իսկ առաջին փուլը բացվել է 2009-ին։ 2018 թվականին փողոցը վերակառուցվել է՝ քաղաքի մշակութային-զբոսաշրջային իմիջն ամրապնդելու նպատակով և արդեն մինչև 2019 թվականի Նոր տարին այն համաչինական ճանաչում է ձեռք բերել։

Դաթան Բույեչենը Չինաստանի առաջին ցուցադրական հետիոտնային փողոցներից մեկն է։ Այն մարմնավորում է «մշակույթ + զբոսաշրջություն» մոդելը՝ համատեղելով Թան դինաստիայի ժառանգությունը հանգստի ժամանակակից ձևերի հետ՝ զբոսանքներ, ինտերակտիվ ներկայացումներ, ռեստորաններ, գնումներ և զվարճանքներ։
Հայեցակարգը հիմնված էր բարգավաճող Թան դինաստիայի մշակույթի վրա: Տարածքն առանձնանում է երեք մեծ հրապարակներով, հինգ թեմատիկ քանդակներով և լուսավորության համակարգով, որը գիշեր-ցերեկ փոխանցում է դինաստիայի վեհության մթնոլորտը:

Բացման պահից ի վեր փողոցն ակտիվորեն զարգացնում է մշակութային նախագծեր։ «Վերադարձ Չանգան» և «Լույսի և ջրի շոու Վայրի սագի մեծ պագոդայի մոտ» բեմադրությունները հավաքել են աշխարհի առաջատար թատերախմբերին։ Մշտապես ներդրվում են նոր «ինտերակտիվ» («իմերսիվ») ձևաչափեր՝ թատերականացված շոուներից մինչև քվեստեր։ Ստեղծվել է մշակութային ներկայացումների յուրահատուկ ինդուստրիա, որի շնորհիվ փողոցը դարձել է զբոսաշրջային օբյեկտ՝ «առանց ցածր սեզոնի»։
2018 թվականից ի վեր շրջանը հանդիսանում է «Սիանի Նոր տարի» ամանորյա միջոցառումների գլխավոր հարթակը և հյուրընկալում է միջազգային իրադարձություններ, ինչպիսիք են Մետաքսի ճանապարհի կինոփառատոնը, նորաձևության շաբաթները, համերգները։ Դրանք այն դարձնում են մշակութային կյանքի կենտրոն և միաժամանակ խթանում բիզնեսը։

Փողոցի շուրջ կենտրոնացած են առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ և թանգարաններ։ Զարգանում են մանրածախ առևտրի նոր ձևաչափեր, մշակութային-ստեղծարար նախագծեր և բրենդային IP-ներ, թողարկվում են թեմատիկ հուշանվերներ և խաղալիքներ։ Այսպիսով, ձևավորվում է մշակութային-կրեատիվ ինդուստրիայի լիարժեք էկոհամակարգ, որը նպաստում է տուրիստական արտադրանքի նորացմանը և տնտեսական աճին։
Շրջանը ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր մանրուքի՝ ճարտարապետությունից մինչև կանաչապատում, պահպանելով «յուրաքանչյուր տարրը յուրահատուկ է» սկզբունքը։ Մշտապես հարստացվում է մշակութային բովանդակությունը, բարելավվում են ենթակառուցվածքներն ու ծառայությունները, ստեղծվում է հարմարավետ միջավայր բնակիչների և զբոսաշրջիկների համար։

Այսուհետ «Դաթան Բույեչենը» մտադիր է զարգացնել ապրանքանիշերն ու մշակութային նախագծերը, ուժեղացնել միջազգային փոխանակումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, դիրքավորվելով որպես Սիանի ժամանակակից մշակութային-զբոսաշրջային պատուհան։ Նպատակն է շրջանը վերածել քաղաքի խորհրդանիշի, որը համատեղում է պատմությունն ու նորարարությունը, մշակույթն ու տնտեսությունը, ավանդույթներն ու արդիականությունը։




Խորեն Գրիգորյան Սիանից





























