Հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը կարող է ներգրավված լինել նոր սկանդալում : Այս անգամ նրան դատի է տվել Նուբիա դել Քարմեն Փրեսա անունով մի կին, որը վստահեցնում է, որ 2010 թվականի սեպտեմբերին Լոհանն իր Maserati ավտոմեքենայով իրեն վրաերթի է ենթարկել: Կինը լուրջ վնասվածքներ է ստացել, եւ բժշկական ծախսերի փոխհատուցում է պահանջում, ինչպես նաեւ` այդ ընթացքում չաշխատելու դիմաց փոխհատուցում:
Լոհանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ Լոհանը, ոչ էլ նրա փաստաբանները դատարան ներկայանալու ծանուցագիր չեն ստացել եւ պատրաստ չեն կատարվածը մեկնաբանելուն, հաղորդում է AP-ը:
Վերջին ժամանակներս 25-ամյա Լոհանը մամուլի էջերին հայտնվում է ոչ թե ֆիլմերում ունեցած դերերի, այլ բազմազան սկանդալների պատճառով: 2007 թվականին նա 3 տարվա պայմանական կալանքի է ենթարկվել` անսթափ վիճակում մեքենա վարելու համար, ավելի ուշ այդ ժամկետը երկարացվել է եւս մեկ տարով: 2010 թվականի մայիսին Լոս Անջելեսի դատարանը դերասանուհուն պարտադրել է պարբերաբար հանձնել ալկոհոլի եւ թմրանյութերի թեսթեր եւ հակաալկոհոլային հատուկ թեւնոց կրել: 2011 թվականին վզնոցի գողության համար դերասանուհուն հասարակական աշխատանքների են դատապարտել:




























