American Airlines ավիաընկերության աշխատակիցները հայտնաբերել են առանց ուղետոմսի ինքնաթիռ նստած ուղևորի մարմինը, որը թաքնված է եղել շասսիի (հիմնակալի) խցիկում։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը Շառլոթ քաղաքի միջազգային օդանավակայան է ժամանել Եվրոպայից։ Մարմինը հայտնաբերել է տեխնիկական անձնակազմը՝ ինքնաթիռի սպասարկման ժամանակ։ Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները փաստել են անձի մահը։

«Մենք խորապես վշտացած ենք այս լուրից և հետաքննության հարցում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք ոստիկանությանը», - հայտարարել է օդանավակայանի ներկայացուցիչը CBS News-ին տված մեկնաբանության մեջ։ Նշվում է, որ ավիաընկերությունը ևս համագործակցում է քննության հետ։

CBS News-ը շեշտում է, որ սա առնվազն երկրորդ դեպքն է, երբ 2025 թվականին ամերիկյան ավիաընկերությունների ինքնաթիռներում առանց տոմսի ուղևորների մարմիններ են հայտնաբերվում։ Հունվարին Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանի աշխատակիցները շասսիի խցիկում թաքնված երկու ուղևորի մարմին են հայտնաբերել։