Վիետնամի հյուսիսային և կենտրոնական շրջաններում Ֆիլիպիններից եկած «Բուալոյ» թայֆունի պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 17-ը անհետ կորած են համարվում, հայտնում է VnExpress տեղական լրատվական կայքը։

Սկզբնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 12 մարդ զոհվել է, իսկ երեք նավակներում գտնվող 17 ձկնորսների հետ կապը կորել է, նշում է տեղեկատվական աղբյուրը։ Նրա տվյալներով՝ տարերքի հարվածներից ամենաշատը տուժել է կենտրոնական Թհանհհոա նահանգը։ Այնտեղ մասնակիորեն ավերվել են հարյուրավոր բնակելի տներ, վնասվել են հեռահաղորդակցության աշտարակներն ու էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով տարածաշրջանի զգալի մասը մնացել է առանց էլեկտրականության և հեռախոսային կապի։ Փոթորիկը նաև ջարդուփշուր է արել և վնասել տասնյակ մեքենաներ։

Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների ազգային կենտրոնը հայտնել է, որ փոթորիկը առատ տեղումներ է առաջացրել Վիետնամի կենտրոնական և հյուսիսային հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Հանոյում և մի քանի հյուսիսային նահանգներում: Գերատեսչությունը զգուշացրել է մոտակա օրերին ափամերձ շրջաններում ջրհեղեղների և վարարումների բարձր ռիսկի, ինչպես նաև լեռներում սողանքների վտանգի մասին։