Ատլանտյան օվկիանոսում «Իմելդա» արևադարձային փոթորկի պատճառով Կուբայի արևելքում տեղացած ուժեղ անձրևները ջրհեղեղների և Գուանտանամո և Սանտյագո դե Կուբա նահանգներում շենքերի վնասման պատճառ են դարձել։
Ինչպես հայտնում է տեղական Cubadebate պորտալը, Կարիբյան հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սանտյագո դե Կուբայում, ուժեղ անձրևների հետևանքով մի քանի շենք է ավերվել։ Զոհեր չկան, սակայն քաղաքին զգալի նյութական վնաս է հասցվել։ Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն ու Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը տվյալ շրջանում գործողություններ են իրականացնում՝ քաղաքը և հարակից բնակավայրերը ընկած ծառերից ու շենքերի բեկորներից մաքրելու համար։
Ավելի վաղ կուբայական Granma թերթը հայտնել է, որ ուժեղ անձրևների պատճառով Գուանտանամո նահանգից ավելի քան 18,000 մարդ է տարհանվել։
Ինչպես հայտնում է Կուբայի Օդերևութաբանական ծառայությունը, ուժեղ տեղումները պայմանավորված են «Իմելդա» արևադարձային փոթորիկի՝ կղզու ափերով անցնելով, որը նախկինում ձևավորվել էր Ատլանտյան օվկիանոսում։ Տարվա այս եղանակին Կուբան հաճախ է տուժում փոթորիկներից և արևադարձային ցիկլոններից, ընդ որում, կղզու արևելյան շրջաններն ամենախոցելին են։ 2024 թվականի աշնանը Գուանտանամո նահանգը մեծապես տուժել է Կուբայի տարածքով անցնող «Օսկար» և «Ռաֆայել» փոթորիկներից։ Ամբողջ կղզուն մեծ նյութական վնաս է հասցվել, տեղական իշխանությունները հայտնել են արևելքում մարդկային զոհերի մասին։





























