Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպառնում է ջարդել Life News-ի գլխավոր խմբագիր Աշոտ Գարիելյանովի «մռութը» այն բանի համար, որ այդ պարբերականն իր նախկին ընկերուհուն անվանել է մարմնավաճառ:

Գաբրիելյանովը Նեմցովին հիշեցրել է, որ եթե մարդը հանդես է գալիս մամուլի ազատության օգտին, նա չի կարող ֆիզիկական հաշվեհարդանով սպառնալ ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագրին:

«Նեմցովը հանգստացել է Դուբայում մարմնավաճառ աղջկա հետ» վերնագրով հոդվածում պարբերականը պատմել է, որ Բորիս Նեմցովը ամանորյա արձակուրդներն անցկացրել է Արաբական միացյալ էմիրություններում, ծովափին գտնվող Zabeel Saray հյուրանոցում:

Արհեստական կղզու վրա գտնվող այս հյուրանոցի «լյուքս» համարում ամանորյա արձակուրդները արժեն ավելի քան 50 հազար ռուբլի:

52-ամյա Նեմցովին ուղեկցել է 25-ամյա Անաստասյա Օգնեւան, ով պարբերականի տվյալներով, քաղաքական գործչի հետ ծանոթանալուց առաջ եղել Ecscortmodeli գործակալությունում «էսկորտ-ծառայություններ» մատուցողներից մեկը:

«Գնային քաղաքականությունը կախված է աղջկա մակարդակից, մեկնարկային գինը` 1000 դոլար: Երկրորդ կազմի մեկնարկային գինը սկսվում է 1500 դոլարից` մեկ երեկոյի համար»,- Life News-ին հայտնել է գործակալության մենեջերը:

Հոդվածն այնքան է բարկացրել Նեմցովին, որ իր բլոգում մեկնաբանություններ թողնելիս ընդդիմադիրն առանձնապես ուշադրություն չի դարձրել իր արտահայտություններին: Գրառումը վերնագրված է «Ոչնչություն», այնուհետ հաջորդում է տեքստը. «Ես արդեն սովորել եմ այն ստին ու բամբասանքին, որը տարածում են Պուտինին ծառայողները: Հիշեցնեմ, որ Life News-ը պատկանում է «Օզերո» ձեռնարկության անդամ, Պուտինի ընկեր եւ հանցակից Յու. Կավալչուկին: Բայց այս անգամ Գաբրելյանովն ինքն իրեն գերազանցեց… Նա այս անգամ ոչ թե ինձ վիրավորեց, այլ ընկերուհուս… Երբ ընկերուհուս այդ ստոր սրիկան անվանում է «թեթեւաբարո աղջիկ», չեմ թաքցնի, ուզում եմ մռութը ջարդեմ», - գրում է Նեմցովը, բայց հավելում, որ «Պուտինը եւ նրա համախոհները» իզուր իր մասնակցությամբ կռիվ չակնկալեն: Նա մտադիր է «սրիկա Գաբրելյանովի» պատասխանը դատարանի միջոցով տալ:

Life News-ի գլխավոր խմբագիրը այս կապակցությամբ ընդդիմախոսին փորձել է հակադարձել խոսքի ազատության հիմնավորմամբ: «Բորիս Եֆիմովիչը ամբիոններից ելույթ է ունենում ժողովրդավարական հասարակության, քաղաքացիների ազատության, արդարության մասին: Եվ դա հիանալի է: Ես այդ հարցում լիովին համամիտ եմ նրա հետ: Բայց ցանկացած  ժողովրդավարական երկիր առանց ազատ մամուլի անիմաստ է… Ստացվում է, որ այն մարդը, ով մշտապես Պուտինին մեղադրում է լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու համար, համացանցային կայքի խմբագրին սպառնում է ֆիզիկական հաշվեհարդարո՞վ», - իր բլոգում գրում է Գաբրելյանովը:

 «Իմ հասցեին հնչած Նեմցովի բոլոր ռեպլիկները ինձ հիշեցրին «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմից մի արտահայտություն` «Ինչո՞ւ վիրավորեցիր տիրուհուն, գարշելի»: Բորիս Եֆիմովիչ, մենք չենք վիրվորում, մենք լուսաբանում ենք», - ամփոփել է Գաբրելյանովը` մի փոքր աղավաղելով համաժողովրդական սերը վայելող կատակերգության թեւավոր արտահայտությունը:

Առայժմ լուծված չէ Նեմցովի նախորդ հակասությունը Life News-ի հետ, երբ հրատարակչությունը հրապարակել էր քաղաքական գործչի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ նա ոչ նորմատիվ բառապաշարի կիրառմամբ է արտահայտվում Եվգենի Չիրիկովի, Էդուարդ Լիմոնովի, Ալեքսեյ Նավալնիի եւ այլ ընդդիմադիրների մասին, գրում է NEWSru.com-ը: