Հայաստանն իր աշխարհագրական դիրքով համապատասխանում է երրորդ ժամային գոտուն (GMT+3), սակայն ներկայում փաստացի գտնվում է չորրորդ ժամային գոտում (GMT+4): Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի` այդ անհամապատասխանությունն առաջացել է նախորդ դարի 30-ական թվականներին, երբ Խորհրդային Միությունում ինչ-ինչ նկատառումներով ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ տարվեց:
1997 թ. Հայաստանն օրենք ընդունեց ամառային եւ ձմեռային ժամանակի անցնելու համար, ըստ որի` յուրաքանչյուր տարվա մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները 1 ժամ առաջ են տարվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը 1 ժամով ետ են բերվում: Այդպիսով` ապրիլ-հոկտեմբերին Հայաստանը հայտնվում է 5-րդ ժամային գոտում` 2 ժամով շեղվելով իր «բնական» ժամային գոտուց:
Անցումն ամառային ժամանակի սովորաբար կատարվում է էլեկտրաէներգիան խնայելու նպատակով: Սակայն դա մի շարք խնդիրներ է հարուցում: Գարունն ու աշունը օրգանիզմի համար ամենասթրեսային շրջանն են, ուստի ժամային փոփոխությունները լրացուցիչ խնդիրներ են առաջացնում: Ասիայի ու Աֆրիկայի երկրները հիմնականում հրաժարվել են ժամային փոփոխություններից, սակայն Եվրոպայում ու ԱՄՆ-ում դա դեռեւս պահպանվում է: Ժամային փոփոխություններից հրաժարվել է նաեւ Ռուսաստանը: Մասնավորապես` Մոսկվան մշտապես գտնվելու է 4-րդ ժամային գոտում: Այսպիսով` Հայաստանը հրաժարվելով գարնանը ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ տանելուց, նույնպես մշտապես գտնվելու է նույն ժամային գոտում, ինչպես Մոսկվան:
Իսկ այն մասին, որ Հայաստանն այս տարի չի տեղափոխի ժամացույցի սլաքները, հայտարարեց այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Սակայն մինչ այդ հարկավոր է փոխել «Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքը: Պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Կարինե Աճեմյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ` ընդհանրապես չեղյալ համարել սույն օրենքը: Սակայն կառավարությունը կողմ է միայն հրաժարվել օրենքի այն դրույթից, որը պարտավորեցնում է ժամացույցի սլաքները փոփոխել: Այսինքն` կառավարությունը ցանկանում է ուժի մեջ թողնել օրենքի այն դրույթը, որով Հայաստանում 4-րդ ժամային ժամային գոտին է գործելու: Սակայն Տ. Դավթյանը չբացառեց, որ մի քանի տարի հետո Հայաստանը վերջնականապես անցում կատարի իր աշխարհագրական դիրքին համապատասխանող երրորդ ժամային գոտուն:




























