Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հույս է հայտնել, որ սերտացումը, որի մասին խոսել են Հայաստանը եւ Ադրբեջանը, ցանկալի արդյունքի կհանգեցնի:
«Համանախագահների եռյակում մենք ակտիվ աշխատում ենք, եւ այդ աշխատանքի արդյունքը, որում ավանդ են ներդրել նաեւ այլ համանախագահները, այդ թվում` ֆրանսիացի, եղավ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ վերջին հայտարարությունը, որն ընդունվեց օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ Ռուսաստանի նախագահի հանդիպման ընթացքում: Հուսանք, որ սերտացումը, որի մասին խոսում էին կողմերը, ցանկալի արդյունքի կհանգեցնի` դիրքորոշումների հստակեցման եւ հիմնական սկզբունքների ընդունման առումով, որոնք ճանապարհ կհարթեն ավելի բարդ փաստաթղթի մշակման աշխատանքներն սկսելու համար, այն է`Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի», - ասել է նա:
Լուկաշեւիչը հատկապես շեշտել է ֆրանսիացի համանախագահին, քանի որ դրանից առաջ խոսվել էր Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման եւ ֆրանսիացի միջնորդի ծառայություններից հրաժարվելու Ադրբեջանի մտադրության մասին: Լուկաշեւիչը նշել է, որ այդ մասով մեկնաբանություններ չի ցանկանում տալ, քանի որ դա վերաբերում է ինքնավար պետությունների որոշմանը:




























