Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը առնվազն զարմանալի է որակել կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությանը միանալը:
ԲՀԿ-ն այսօր միացել է ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությանը եւ դիմել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ հրավիրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասել է, թե չի կարծում, թե ընտրակարգերի տարբերությունների միջեւ այս աժիոտաժը մեր հասարակության ամենակարեւոր խնդիրներից մեկն է: «Ես պետք է մեր ընդդիմադիր, ինչպես նաեւ կոալիցիոն գործընկերներին ասեմ, որ բարեփոխված օրենսգիրքն ընդունվել է մայիսին: Ավելին, այդ օրինագծի համահեղինակներից է եղել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի որեւէ անդամ խորհրդարանի ամբիոնից համամասնականի անցնելու հրապարակային առաջարկ չի արել: Ուստի կարծում եմ` սա ավելի նման է քաղաքական հնարքի: Առնվազն զարմանալի է նման քայլը»,- նշել է Շարմազանովը:
Անդրադառնալով լսումներ անցկացնելու հնարավորությանը` ԱԺ փոխնախագահը նշել է. «Առհասարակ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ի տարբերություն որոշ ուժերի, իրական ժողովրդավարական արժեքների կողմնակից է, չի գնացել իմիտացիաների ետեւից, այլ արմատական բարեփոխումներ է իրականացրել: Լսումները կարող են անցկացվել ԱԺ նախագահի համաձայնությամբ: ՀՀԿ-ն առհասարակ դեմ չէ քննարկումներին, պարզապես նպատակահարմարություն չի տեսնում նման օրինագծի շրջանառման մեջ: Պրատիկան այնպիսին է, որ լսումներ կազմակերպվում են օրենքի ընդունումից առաջ, այլ ոչ հետո»:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները համատեղ դիմել են Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ հրավիրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ: Դիմումը ստորագրել են «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ-ից` Արտյուշա Շահբազյանը, ԲՀԿ-ից` Արամ Սաֆարյանը:




























