Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանրապետական կուսակցության եւ իր անունից հատուկ միջոցառում է կազմակերպել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում՝ Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ: Միջոցառման ժամանակ նա պատվոգրեր է հանձնել 9 հրամանատարների, զինծառայողների եւ ազատամարտիկների: Ավարտին ելույթ է ունեցել Գյումրիի քաղաքապետը, նշելով, որ Հայոց բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է եւ դա արդեն ապացուցել է գործով:
Միայն թե Վ. Ղուկասյանին բարկացնում են իր իսկ բնորոշմամբ՝ «կեղտոտ լրագրողները», ովքեր անհամբեր սպասում են, որ բանակում ինչ-որ դեպք գրանցվի:
«Մյուս երկրներում էլ նման բաներ լինում են, նույն Ֆրանսիայում, որ ընդունեց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, դուք գիտե՞ք, թե Ֆրանսիական բանակում որքան զինվորներ են մահանում, բայց ո՞ր մեկս ենք իմանում»,-ելույթի ժամանակ ասել է Վարդան Ղուկասյանն ու հավելել. «Աշխարհի վերջում հայերը տիրելու են իրենց հողերին, այդ մասին ես կարդացել եմ, հավատացեք»:
Այնուհետեւ դիմելով զինծառայողներին, Գյումրիի քաղաքապետն ասել է. «Ծառայեք բարեխղճորեն, որ Աստծո պատիժը ձեր գլխին չգա»: Նա նաեւ բանաստեղծություն է արտասանել բեմում՝ «Ճերմակ աղավնին»:
Միջոցառմանը մասնակցել են բանակի կազմավորման գործում մեծ ավանդ ու ներդրում ունեցած մարդիկ՝ Արցախյան ազատամարտի մասնակիցներ, Գյումրիում գործող զորամասերի հրամանատարներ, ինչպես նաեւ զինծառայողներ: «Հայոց բանակի կազմավորումը հեշտ չի եղել Հայաստանի համար: Այն տարիներին երբ մեր քաջ զինվորները կռիվ էին մղում Արցախի համար, հստակ խնդիր առաջացավ, ունենալ մարտունակ բանակ, որը պատրաստ կլինի պաշտպանել սեփական հայրենիքը: Այսօր արդեն ունենք մարտունակ ու հզոր բանակ, որի ձեռքբերումները նկատելի են»,-միջոցառման ընթացքում նշել են ազատամարտիկներն ու զորամասերի ներկայացուցիչները:




























