Արագածոտնի մարզում, այսօր` հունվարի 27-ին ժամը 8:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղում, որը մահվան ելք է ունեցել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրդեհների ժամանումը, հրդեհը մարվել է տեղի ուժերով, սակայն տան նկուղում` ծխի մեջ հայտնաբերվել է վառված տղամարդու դիակ: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը նույն բնակարանում ապրող, 40-ամյա Գեորգի Ազիզբեկյանն է:

NEWS.am-ին հաջողվել է մանրամասներ պարզել ողբերգական դեպքից: Գեւորգ Ազիզբեկյանի եղբայրը զոհվել է արցախյան ազատամարտի ժամանակ: Ազիզբեկյանների ընտանիքը բաղկացած էր 6 անձից` մայրը, զոհվածի այրին, երեք երեխաները եւ ինքը` Գեւորգը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց Ագարակի գյուղապետ Վահան Խաչատրյանը:

«Ընտանիքն ապրում էր սոցիալապես ծանր վիճակում, գոյատեւում էին պետության կողմից եղբոր ընտանիքին տրվող 30 հազար դրամ թոշակով, ընտանիքից աշխատում էր միայն Գեւորգը` գյուղում գործող հակակարկտային կայանում որպես պահակ»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞րն է եղել հրդեհի առաջացման պատճառը, գյուղապետը պատասխանեց, որ նախնական տվյալներով  հրդեհն առաջացել է էլեկտրական պլիտայից. «Ընտանիքը քանի որ մեծ էր, Գեւորգը ներքեւում էր ապրում` նկուղում, որտեղ էլ ծխահարվել ու խեղդվել է»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ հնարավոր է նաեւ, որ էլեկտրական հոսանքն իրեն էլ է խփել ու էդտեղից էլ առաջացել է հրդեհը:

Նշենք նաեւ, որ Գեւորգ Ազիզբեկյանն ամուսնացած չէր, համագյուղացիների պատմելով զոհված  եղբոր ընտանիքին էր պահում: