Ոչնչացվել է «Իմարաթ Կավկազ» ահաբեկչական խմբավորման «ռազմական ամիր», Ինգուշեթիայի զինված ընդհատակի պարագլուխ Ջամալեյլ Մութալիեւը` Ադամ մականունով:
Այսօր` հունվարի 27-ին իրավապահները նրան ոչնչացնելու գործողություն են իրականացրել Նազրանի շրջանում: Մերձակա տների բնակիչներին տարհանել են, իսկ ավազակներին առաջարկել են հանձնել զենքն ու հանձնվել: Սակայն նրանք զինված դիմադրություն են ցուցաբերել եւ պատասխան կրակով չեզոքացվել են:
Նախնական տվյալներով, գրոհայինների մեջ է եղել Ջամալեյլ Մութալիեւը` Ադամ մականունով:
Նա զինված խմբավորումներին միացել էր «երկրորդ չեչենական պատերազմի» տարիներին եւ Շամիլ Բասաեւի մերձավոր զինակիցներից էր: 2010թ. Ալի Թազիեւի ձերբակալությունից հետո նշանակվել էր «Կովկասի Իմարաթի» «ռազմական ամիր»:
Տան խուզարկության ընթացքում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել` 15 կգ տրոտիլ համարժեքով, նաեւ սարքավորումներ «մահապարտի գոտու» պատրաստման համար:



























