Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունության 10-րդ տարին նշանավորվելու է մշակութային եւ կրթական միջոցառումների շարքով, որոնք մեկնարկելու են փետրվարին եւ շարունակվելու ողջ տարվա ընթացքում:

10-ամյա հոբելյանի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Նորաձեւության ճանապարհ» ցուցահանդեսը` ներկայացնելով հայ եւ եվրոպացի տասը նկարիչ-մոդելավորողների համատեղ աշխատանքները:

Այս տարի ավանդական դարձած «Նա/Նե» լրագրողական մրցանակաբաշխությունը կնշանավորվի մրցույթին ներկայացված նյութերի ռեկորդային քանակով եւ թեմատիկ մրցանակների ավելացմամբ: Փետրվարի 10-ին հայտնի կդառնան այս տարվա Նա/Նե մրցանակակիրները: Միջոցառումները կշարունակվեն Չարլզ Դիքենսի երկուհարյուրամյակին նվիրված ծրագրերով, որոնց ընթացքում դպրոցներում կկազմակերպվեն «Դիքենսյան ռինգ», քննարկումներ եւ կինոդիտումներ: Միջին մասնագիտական կրթության ոլորտում տասնամյա հոբելյանի շրջանակում կամփոփվի «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը: Քառամյա ծրագրի արդյունքում Ինֆորմատիկայի եւ Հայ-հունական քոլեջները համագործակցում են Միացյալ Թագավորություն քոլեջների հետ  եւ ներդրվում են նոր մասնագիտություններ:

Տասնամյա հոբելյանի շրջանակում կկազմակերպվի Բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը, որի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը նվիրված կլինեն 2012թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին եւ մարդու իրավունքներին: Փառատոնի շրջանակում կանցկացվի վարպետության դասընթաց հայ ֆոտոլրագրողների համար:

Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդն աշխատել է անգլերենի տարածման, արվեստի, կրթության եւ հասարակության բնագավառներում: Աշխատելով անգլերենի ավելի քան 600 ուսուցիչների եւ մոտ 1500 շահառուների հետ ողջ Հայաստանում` Բրիտանական խորհուրդը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ եւ նրանց ներկայացնում դասավանդման նորարար մեթոդները, որոնք պարունակում են անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը անգլերենի ուսուցումը հետաքրքիր եւ գրավիչ դարձնելու համար: 

Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոնների հետ, կազմակերպվում ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ եւ սեմինարներ: Միայն նախորդ տարի արվեստի բնագավառի ծրագրերին մասնակցել, թատերական ներկայացումներն ու ֆիլմերը դիտել են շուրջ 450.000 մարդ: Կրթության եւ հասարակության բնագավառում իրականացրած WoMen in Politics, EU skills եւ Active Citizens ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ: WoMen in Politics ծրագրի նպատակն էր  կին քաղաքական գործիչներին հմտություններ եւ գիտելիքներ փոխանցելու միջոցով նպաստել քաղաքական ասպարեզում կնոջ դերի բարձրացմանը: EU skills ծրագրի վերապատրաստման դասընթացներին մասնակից հարյուրից ավելի քաղծառայողները ձեռք են բերել հմտություններ եվրաինտեգրման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար: Active Citizens ծրագրին մասնակցել

 են Վայոց Ձորի եւ Արմավիրի երիտասարդները, որոնք ծրագրի ընթացքում եւ ավարտից հետո ակտիվորեն ներգրավվել են համայնքային կյանքում` իրականացնելով իրենց սեփական նախաձեռնությունները: Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը համակարգել է Չիվնինգ եւ Ջոն Սմիթ կրթաթոշակները` Միացյալ Թագավորությունում ուսանելու հնարավորոթյուն ընձեռելով 96 մասնագետի:

Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը համակարգում է միջազգային ճանաչում ունեցող անգլերենի քննություններ` նախատեսված տարբեր մասնագիտությունների եւ անգլերենի տիրապետման տարբեր որակավորում ունեցող անձանց համար: Ողջ աշխարհում ճանաչելի IELTS քննության հանձնումը հնարավորություն է տալիս ուսանել արտերկրի լավագույն համալսարաններում:  Միայն նախորդ տարի IELTS եւ այլ քննություններ հանձնել են ավելի քան 900 մարդ: