Երբ Գազայի հատվածում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները մոտենում էին ավարտին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական հավաստիացումներ տվեց, որ Իսրայելին թույլ չի տա վերսկսելու պատերազմը: Դրա մասին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ, հաղորդում է Axios-ը:

Ըստ պաշտոնյաների՝ Թրամփի հավաստիացումները կարևոր դեր են խաղացել ՀԱՄԱՍ-ին գործարքն ընդունել համոզելու համար: Հրադադարը պաշտոնապես ուժի մեջ է մտել, երբ Իսրայելի նախարարների կաբինետն ուրբաթ հաստատել է գործարքը:

Իսրայելական զինվորականները պետք է իրենց ուժերը համաձայնեցված պարագիծ դուրս բերեն Գազայի ներսում՝ նախարարների կաբինետի քվեարկությունից հետո 24 ժամվա ընթացքում:

Դրանից հետո 72 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին, որոնցից 20-ը դեռ ողջ են: Սա պետք է արվի մինչև երկուշաբթի: