Նիդեռլանդների ծայրահեղական աջ քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը հայտարարել է, որ իշխանություններն իրեն հաստատել են, որ նա Բելգիայում ահաբեկչական խմբի ենթադրյալ թիրախներից մեկն է եղել։ Խումբը վնասազերծվել է հինգշաբթի օրը, հայտնում է Euronews-ը։

Նիդեռլանդների ծայրահեղական աջ «Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Գերտ Վիլդերսը հայտարարել է, որ դադարեցնում է իր քարոզարշավը առաջիկա ազգային ընտրություններում՝ Բելգիայում քաղաքական գործիչների սպանության ենթադրյալ դավադրության հնարավոր թիրախ լինելու մասին հաղորդագրություններից հետո։

Հինգշաբթի օրը երեք երիտասարդներ են ձերբակալվել Բելգիայում, այն բանից հետո, երբ քննիչները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարք, որը կասկածյալները, ըստ տեղեկությունների, նախատեսում էին ամրացնել անօդաչու թռչող սարքին՝ ահաբեկչական գործողություն կատարելու համար։

Դատախազները հայտարարել են, որ ոստիկանության խուզարկությունները «ահաբեկչական սպանության փորձի և ահաբեկչական խմբի գործունեությանը մասնակցելու» վերաբերյալ հետաքննության մաս են կազմել։

Նրանք չեն նշել այն քաղաքական գործիչների անունները, ովքեր կարող են թիրախ դառնալ, սակայն Բելգիայի կառավարության նախարարները որպես թիրախներից մեկը նշել են Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերին։

Այս հաղորդագրություններից հետո Վիլդերսը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը այլ քաղաքական առաջնորդների հետ նախընտրական բանավեճերին։ Ավելի ուշ նա X սոցիալական ցանցում գրառում է արել, որ Նիդեռլանդների ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ազգային համակարգողը (NCTV) հաստատել է իրեն, որ ինքը ենթադրյալ դավադրության թիրախներից մեկն է։

Նա ասել է, որ իշխանությունները «չեն սպասում մնացորդային սպառնալիքի, բայց ես վատ կանխազգացում ունեմ դրա վերաբերյալ և հետևաբար, ժամանակավորապես դադարեցնում եմ իմ բոլոր քարոզարշավային միջոցառումները»։

Նիդեռլանդներում հոկտեմբերի 29-ին պետք է տեղի ունենան արտահերթ համընդհանուր ընտրություններ և Վիլդերսի PVV կուսակցությունը ներկայումս առաջատար տեղ է զբաղեցնում հասարակական կարծիքի հարցումներում։ Ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ Վիլդերսը դուրս է եկել իշխող քառակուսակցական կոալիցիայից՝ միգրացիայի դեմ պայքարի շուրջ վեճի պատճառով։ Նա հայտնի է որպես իսլամի կտրուկ քննադատ և դատապարտվել է դատարանի կողմից խմբակային զրպարտության համար այն բանից հետո, երբ 2014 թվականին նախընտրական հանրահավաքի ժամանակ հակամարոկկոյական կարգախոսներ էր հնչեցրել։