Դրոնների սպառնալիքի պայմաններում գերմանական ավիաընկերությունները պետությունից վճռական գործողություններ են պահանջում։ 

«Սպառնալիքի դեպքում դրոնները պետք է հնարավոր լինի խոցել», - Funke մեդիախմբի թերթերին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանական ավիաընկերությունների դաշնային միության (BDF) նախագահ Փեթեր Գերբերը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է անմիջապես պարզել, թե ով է պատասխանատու նման միջադեպերի համար։

«Ինձ զայրացնում է, որ միայն հիմա են հասկանում դրոնների խնդրի լրջությունը», - հավելել է Գերբերը, որը նաև Condor ավիաընկերության ղեկավարն է։ «Մենք արդեն տասը տարի է ինչ ահազանգում ենք այս խնդրի մասին»։

Օդանավակայաններում դրոնների հետ կապված միջադեպերի աճող թվի պատճառով Գերմանիայի կառավարությունը նախատեսում է ուժեղացնել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգը։ Արդեն այս տարի դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանումները կհամալրվեն դրոնների դեմ պայքարի առանձին թիմով։

Բացի այդ, ինչպես հայտարարել է Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինգտը, մինչև 2025 թվականը նախատեսվում է բացել նոր մասնագիտացված անօդաչու թռչող սարքերի կենտրոն՝ դաշնային և տարածաշրջանային իշխանությունների հետ համագործակցությամբ։

Գերբերը շեշտել է, որ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերումն ու չեզոքացումը ազգային պատասխանատվություն է ներկայացնում անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի համար։ «Քաղաքացիական օդանավակայաններում դաշնային ոստիկանությունը պետք է ունենա անօդաչու թռչող սարքը կանգնեցնելու և անհրաժեշտության դեպքում, նաև այն խոցելու լիազորություն»։

Ավիաընկերությունների համար անօդաչու թռչող սարքերի խնդիրը կարող է շատ արագ թանկանալ. «Մեկ ժամյա պարապուրդի ժամանակը միշտ միլիոնավոր եվրոներ արժե»։

Ինչ վերաբերում է տոմսերի արժեքին, Գերբերը նշել է, որ դրանք դժվար թե էժանանան։ «Հավանաբար, գները կշարունակեն աճել, քանի որ ավելանում են նաև օդանավակայանների պահպանման պետական ծախսերը»։