Քողարկված եւ դիմակավորված դաշնային գործակալների մի փոքր խումբ հինգշաբթի երեկոյան ներգաղթի կենտրոնի տանիքից դիտում էր, թե ինչպես են միեղջյուրը, սիրամարգը, դինոզավրը եւ ջրարջը պարում Շերի երգերի տակ, հաղորդել է NBC News-ը։

Փողոցի մյուս կողմում ինքնահռչակ «գորտերի բրիգադը»՝ երկկենցաղների փչովի հանդերձներով երեք մեծահասակներ, լուսանկարվում եւ միասին ցատկոտում էին։ Մոտակայքում գտնվող ցուցարարների մի փոքր խումբ գոռում էր. «Մենք սիրում ենք քեզ, ICE»։

Նման տեսարաններ շաբաթներ շարունակ տեղի են ունենում Պորտլենդի կենտրոնից հարավ գտնվող ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) մոտ, մարդիկ բողոքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զանգվածային արտաքսումների եւ Օրեգոնի ամենամեծ քաղաքում Ազգային գվարդիայի զորքերի ավելի քան 200 զինծառայողի տեղակայման դեմ՝ դաշնային սեփականությունը պաշտպանելու համար։

Ցուցարարների խոսքով՝ ICE-ի դեմ ցույցերի ժամանակ փչովի հանդերձներով մեծահասակների պարելու անհեթեթությունը նախատեսված է հանրության ուրախությունը ցույց տալու համար։ Նրանք ասում են, որ սա օգնում է հերքել Թրամփի վարչակազմի պնդումները, թե Պորտլենդը քրեական «մարտական գործողությունների գոտի» է, բնութագիր, որը տեղի եւ նահանգի ղեկավարները համարում են կեղծ։

Բացի այդ՝ ցուցարարները պնդում են, որ հանդերձները պաշտպանում են դաշնային գործակալների կողմից օգտագործվող գազից եւ այլ թունավոր նյութերից։