Պենտագոնը ուրբաթ հայտարարել է Լատինական Ամերիկայում գործողությունները վերահսկելու համար թմրանյութերի դեմ պայքարի նոր համատեղ օպերատվ խմբի ստեղծման մասին՝ ուղղված արդեն իսկ սրվող ռազմական գործողությունների (որոնք հարցեր են առաջացրել իրավական փորձագետների մոտ) վերահսկմանը, հաղորդել է Reuters-ը։
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ օպերատիվ խմբի նպատակն է «ջախջախել կարտելները, դադարեցնել թույնի տարածումը եւ պահպանել Ամերիկայի անվտանգությունը»։
«Ուղերձը հստակ է. եթե դուք թմրանյութերը վերուղղորդեք մեր ափեր, մենք ձեզ կկանգնեցնենք»,- ասել է Հեգսեթը X հեռուստաալիքի եթերում։
Մինչ օրս առաքելությունները կենտրոնացած էին բացառապես Կարիբյան ավազանի ջրերում թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերի վրա։ Առ այսօր ԱՄՆ զինված ուժերը ռմբակոծել են առնվազն չորս նավ, որի հետեւանքով զոհվել է 21 մարդ։
ԱՄՆ Հարավային հրամանատարությունը, որը վերահսկում է ԱՄՆ գործողությունները Լատինական Ամերիկայում, հայտնել է, որ նոր օպերատիվ խումբը կգլխավորի II ծովային էքսպեդիցիոն ուժերը, որը հզոր ստորաբաժանում է եւ կարող է արագ արտասահմանյան գործողություններ իրականացնել եւ տեղակայված է Հյուսիսային Կարոլինայի Քեմփ Լեժեն քաղաքում։
ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարությունը հայտարարել է, որ II MEF-ը, ինչպես այն անվանում են ռազմական ժարգոնով, «կսինքրոնացնի եւ կամրապնդի թմրանյութերի դեմ պայքարի ջանքերը ողջ Արեւմտյան կիսագնդում»։
«Աշխատանքային խումբը II MEF շտաբում ստեղծելով՝ մենք բարելավում ենք մեր կարողությունները՝ ապօրինի առեւտրի ցանցերը ավելի արագ հայտնաբերելու, խափանելու եւ ոչնչացնելու համար՝ ԱՄՆ եւ գործընկեր երկրների հետ միասին»,- հայտարարության մեջ ասել է Հարավային հրամանատարության ղեկավար, ծովակալ Էլվին Հոլսին։
Հայտնի չէ, թե արդյոք օպերատիվ խմբի ստեղծումը Լատինական Ամերիկայում գտնվող ԱՄՆ ուժերին որեւէ լրացուցիչ լիազորություն է տվել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Վենեսուելայում թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածելի թիրախների դեմ հարվածներ հասցնելու հարցը։ Հայտարարության մեջ II MEF-ի հրամանատար եւ օպերատիվ խումբը ղեկավարող ծովային գեներալ-լեյտենանտ Քալվերթ Ուորթը ենթադրել է, որ ուշադրության կենտրոնում նախկինի պես լինելու են ծովային գործողությունները։





























