Կուբան շաբաթ օրը հերքել է ԱՄՆ-ի այն պնդումները, թե երկիրը մասնակցում է Ուկրաինայում ընթացող ռազմական հակամարտությանը կամ զինվորներ է ուղարկել այնտեղ, հայտնում է AFP-ն։
«Կուբան մերժում է այն կեղծ մեղադրանքները, որոնք ԱՄՆ կառավարությունը տարածում է՝ Ուկրաինայի ռազմական հակամարտությանը Կուբայի ենթադրյալ մասնակցության վերաբերյալ», — նշված է Կուբայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության, 2023 թվականի սեպտեմբերից ի վեր 26 կուբացի է դատապարտվել 5-ից 14 տարվա ազատազրկման՝ վարձկան գործունեության համար, այն բանից հետո, երբ հայտնվեցին տեղեկություններ, թե կուբացիներին ուղարկում են Ուկրաինայի ռազմաճակատ։
«Մեզ հայտնի են տեղեկություններ այն մասին, որ Կուբայի քաղաքացիները կռվում են ռուսական զորքերի կողքին ռուս-ուկրաինական պատերազմում, — հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ AFP-ին տված մեկնաբանության մեջ։- Կուբայի ռեժիմը չի կարողացել պաշտպանել իր քաղաքացիներին՝ ռուս-ուկրաինական պատերազմում որպես խաղաքար օգտագործվելուց»։
2023 թվականի մայիսին Ուկրաինայի կառավարության նախաձեռնությունը, որը կոչ է անում թշնամու զինյալներին հանձնվել, հայտարարել է, որ ունի տվյալներ՝ ավելի քան 1000 կուբացի վարձկանների մասին, որոնք Ռուսաստանը հավաքագրել է 2023 թվականի սկզբից։
Կուբայի իշխանությունները նշել են, որ «չունեն ճշգրիտ տեղեկություններ Կուբայի այն քաղաքացիների մասին, որոնք ինքնուրույն կամ երկու կողմերի զինված ուժերում մասնակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին»։
«Անվիճելի է, որ նրանցից ոչ մեկը չի գործում Կուբայի պետության աջակցությամբ, պարտավորությամբ կամ համաձայնությամբ», — ընդգծել են նախարարությունից։
2023 թվականին Կուբայից Ռուսաստան մեկնած անձանց հարազատները AFP-ին պատմել են, որ իրենց մտերիմները հավաքագրվել են խաբեությամբ՝ սոցիալական ցանցերում տարածված գովազդների միջոցով։





























