Աֆղանստանը կիրակի օրը հայտարարել է, որ գիշերային սահմանային գործողության ընթացքում սպանվել է 58 պակիստանցի զինծառայող՝ ի պատասխան իր ցամաքային և օդային տարածքի բազմակի խախտումների, հայտնում է Associated Press-ը։

Ավելի վաղ Աֆղանստանի իշխանությունները մեղադրել էին Պակիստանին՝ մայրաքաղաք Քաբուլի և երկրի արևելքում գտնվող շուկայի ռմբակոծման մեջ։ Պակիստանը պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։

«Թալիբան» շարժման կառավարության գլխավոր ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ աֆղանական ուժերը գրավել են Պակիստանի բանակի 25 հենակետ, սպանվել է 58 զինծառայող, ևս 30-ը վիրավորվել են։

«Աֆղանստանի պաշտոնական բոլոր սահմաններն ու փաստացի սահմանագծերը գտնվում են լիարժեք վերահսկողության տակ, և ապօրինի գործունեությունը զգալիորեն կանխվել է», — հայտարարել է Մուջահիդը՝ Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Պակիստանի կողմից զոհերի վերաբերյալ անմիջական հաստատում չի ստացվել։ «Թալիբան» շարժման պաշտպանության նախարարությունը կիրակի վաղ առավոտյան հայտարարել է, որ իր ուժերը սահմանագծի երկայնքով «պատժիչ և հաջող գործողություններ» են իրականացրել։

«Եթե հակառակորդ կողմը կրկին խախտի Աֆղանստանի տարածքային ամբողջականությունը, մեր զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները և վճռական պատասխան տալ», — հավելել են նախարարությունից։

Տորխամի սահմանային անցակետը, որը երկու երկրների միջև հիմնական առևտրային ուղիներից մեկն է, կիրակի օրը չի բացվել սովորական ժամին՝ առավոտյան 8-ին։ Պակիստանը մեղադրում է Աֆղանստանի իշխանություններին՝ «Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան» արգելված խմբավորման անդամներին թաքցնելու մեջ։ Իսլամաբադը պնդում է, որ այդ խմբավորումը մահաբեր հարձակումներ է իրականացնում Պակիստանի տարածքում, սակայն Քաբուլը հերքում է այդ մեղադրանքը՝ հայտարարելով, որ թույլ չի տալիս իր տարածքի օգտագործումը այլ երկրների դեմ։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը շաբաթ երեկոյան դատապարտել է հարձակումը և հայտարարել, որ երկրի բանակը «ոչ միայն արժանի պատասխան է տվել աֆղանցիների սադրանքներին, այլև ոչնչացրել է նրանց մի քանի հենակետ՝ ստիպելով նահանջել»։